Երեկ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ժուռնալիստների միության վարչության անդամ Զառա Արամյանը Ֆեյսբուքում լուսանկար էր տեղադրել՝ իր զարմանքն ու զայրույթն արտահայտելով և առաջարկել էր օգտատերերին գուշակել, թե ինչ է լուսանկարում։
ArmDaily.am-ի հետ զրույցում Զառա Արամյանը նշեց, որ լուսանկարում ծխախոտի տուփ է. «Ես ապշած եմ, թե ինչպես կարող են սրբություններն օգտագործել բիզնեսի համար։ Դա բանակին նվիրված է և ամեն գլանակի վրա գրված է ջերմ սիրո բառեր, որոնք չի կարելի հենց այնպես օգտագործել, եթե չունես այդ զգացմունքը։ Տուփը նկարել եմ ինչ որ աշխատանքային սենյակում և երբ հարցրեցի, թե որտեղի՞ց եք ձեռք բերել տուփը, ասացին, որ այն գնել են կրպակից։ Այսինքն այն ոչ թե եզակի տարբերակ էր, այլ կարելի է գնել կրպակից։ Լուսանկարը հրապարակելուց հետո ինձ հետ կապվեց շատ հարազատ մի մարդ և ասաց, որ առողջապահության նախարարը արդեն տեղեկացված է սրա մասին և խիստ զայրացած է և իր քայլն անելու է»։
Հարցին՝ տեղյա՞կ եք, թե որքան արժե ծխախոտի այդ տուփը՝ Արամյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես հիմա շատ ափսոսում եմ, որ իմ էմոցիաները, զայրույթը տարավ և ես չկարողացա այդ պահին մանրամասն տվյալներ ճշտել, մասնավորապես թե ինչ արժե և կոնկրետ որ կրպակից են գնել»։
Եզրափակելով խոսքը՝ Արամյանը նշեց, որ ինքը հասավ իր նպատակին և առողջապահության նախարարը ևս տեղեկացավ և արձագանքեց խնդրին։