Ըստ մամուլում տարածված տվյալների՝ վերջին շրջանում աճել է Թուրքիայից ներկրվող լոլիկի և վարունգի քանակը։ 2018 թվականին Թուքիայից 2260 տոննա լոլիկ է ներկրվել Հայաստան։ Այս թեմայի, տնտեսության և անվտանգության խնդիրների մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ, ով նշեց, որ խնդիրները զուտ տնտեսական են և ոչ առողջապահական։
«Անկեղծ ասած, թվային տվյալներին լավ ծանոթ չեմ, բայց այստեղ կան զուտ տնտեսական խնդիրներ։ Առողջապահական խնդիր չկա, եթե այդ լոլիկները ստուգեն, կտեսնեն, որ նորմայի մեջ են, ոչ մի բանով չեն տարբերվում։ Տնտեսական առումով կա խնդիր. այդ լոլիկը հիանալի աճում է Հայաստանում, ուղղակի պետք է գտնել ձևը, որպեսզի ինքնարժեքը լինի ցածր և ավելի շահութաբեր լինի դրա իրացումը։ Այդ դեպքում մենք կլինենք ոչ թե լոլիկ ներկրող երկիր, այլ՝ արտահանող»,- ասաց պատգամավորը։
Հարցին, թե արդյո՞ք Թուրքիայից ապրանք ներկրելով չենք աջակցում այդ երկրի տնտեսության զարգացմանը, Գևորգյանը պատասխանեց․
«Այո՛, կա նման բան, բայց խնդիրը մեր մեջ է։ Պետք է այնպես անենք, որ մենք արտադրենք ավելի էժան։ Արտադրողները կրթվեն, սովորեն, նորագույն տեխնոլոգիաների տիրապետեն։ Պետությունն առաջին հերթին կարող է խորհուրդ տալ ոչ թե որ երկրից ներկրեն, այլ որ աճեցնեն Հայաստանում։ Հայաստանի շուկան փոքր է, և ըստ էության, չի հետաքրքրում այլ երկրների, բայց մեզ բոլորի շուկաները հետաքրքրում են։ Կարևոր է շեշտը դնել արտահանելու վրա։ Ոչ ոք գիժ չի, որ գնա Թուքրիայից լոլիկ բերի, եթե Հայաստանում այն ավելի էժան լինի»։
Խոսքի վերջում պատգամավորը հավելեց, որ, որպեսզի Հայաստանի շուկան խոցելի չլինի, պետք է հայկական արտադրանքի ինքնարժեքը լինի ավելի ցածր, իսկ արտադրությունը բարձր շահութաբերության։ Պատգամավորի կարծիքով՝ խնդրի այլ լուծում չկա։