«Շերեմետևո»-ում Մոսկվա-Մուրմանսկ չվերթի SSJ-100 ինքնաթիռի հրկիզվելու հետևանքով զոհված բորդուղեկցորդ Մաքսիմ Մոիսեևի մայրը՝ Յուլիա Կարևան, պատմել է, որ որդին 5-րդ դասարանից երազել է օդաչու դառնալ, սակայն չի կարողացել ռազմական վարժարան ընդունվել: Ավելի ուշ նա դարձել է Ջրային տրանսպրոտի ակադեմիայի ուսանող, որտեղ սովորել է մեկ տարի, բայց այդպես էլ չի հրաժարվել ավիացայի ոլորտում աշխատելու մտքից:
Ի վերջո, Մաքսիմը բանակ է մեկնել, վերադառնալուց հետո սովորել է Սանկտ Պետերբուրգում և միաժամանակ սկսել է աշխատել որպես բորտուղեկցորդ: Մայրն ասել է, որ նա այդ ոլորտում մեծ փորձ չուներ, աշխատել է ընդամենը 1 տարի և 1 ամիս:
«Նա շատ բարի, համակրելի տղա էր, միշտ օգնում էր մարդկանց, երբեք չի վիրավորել որևէ մեկին, երբեք ոչ մի վատ խոսք որևէ մեկի հասցեին չի ասել: Պարկեշտություն, քաջություն․ այս ամենը ներկա էր նրա մեջ, նա այդ օրն էլ հերոսական քայլ է կատարել»,- Life.ru-ի փոխանցմամբ նշել է Մաքսիմի մայրը:
Կարևան պատմել է, որ 15 տարեկանում Մաքսիմը Ղրիմում խեղդվելուց փրկել է մի մարդու:
Կինն ասել է, որ ինքնաթիռի վթարից հետո ինքն ու ամուսինը փորձել են գտնել իրենց որդուն հիվանդանոցներում և նրա մահվան մասին տեղեկացել են միայն հաջորդ առավոտյան: