Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է իր մեկ տարվա կառավարումը՝ ասուլիսի ընթացքում ներկայացնելով այն հիմնական ձեռքբերումները, որոնք գրանցել են նոր իշխանությունները: Թերևս այս ասուլիսի ընթացքում որևէ նորություն այդպես էլ չհնչեց: Վարչապետը իր ձեռքբերումն է համարում, որ Հայաստանում այլևս չկան օլիգարխներ: Սակայն ավելի ճիշտ կլիներ ասել՝ հին համակարգի ներկայացուցիչ օլիգարխներ, քանի որ նույն Սամվել Ալեքսանյանը կամ Ֆլեշի Բարսեղը արդեն ադապտացվել են նոր իրողություններին և նուրբ կերպով, դրսևորելով նախանձելի քաղաքական ճկունություն, տրանսֆորմացվել են նոր Հայաստանի օլիգարխների: Ըստ վարչապետի՝ Հայաստանում չկա նաև սուպերվարչապետություն: Զարմանալի է, չէ՞, քանի որ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրության որևէ կետ մեկ տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել, սակայն արի ու տես՝ սուպերվարչապետական համակարգը ինքնալիկվիդացվել է, թերևս, վախենալով հպարտ քաղաքացիների «դըմ-դըմփ-հու»–ներից: Հասկանալի է, իհարկե, Փաշինյանի մարտավարությունը. ինչո՞ւ փոխել մի կոստյում, որն այդքան իր հագով է:
Բանը հասել է այնպիսի աբսուրդի, որ երկրի վարչապետը որպես իր ձեռքբերում է ներկայացնում այն հանգամանքը, որ ՀՀ ծրագրավորողները կարող են իրենց արտադրած ծրագրերը վաճառել Գուգլ փլեյ հարթակում: Այս ձեռքբերմամբ կարող է հպարտանալ ՏՏ նախարարության համապատասխան բաժնի պետը, սակայն ոչ երկրի վարչապետը:
Մյուս ձեռքբերումը, ըստ վարչապետի՝ այն է, որ կառավարությունն այս մեկ տարվա ընթացքում ԱԱՀ հետաձգման արտոնություն է տվել ևս 7 ընկերության` 21 մլրդ դրամի ներդրում կատարելու և մոտ 444 նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով: Սակայն վարչապետը, չգիտես ինչու, չի ցանկացել շեշտադրել, թե հատկապես որ ընկերություններին են հիմնականում տրամադրվել այդ արտոնությունները: Այդ ցուցակին պարզ հայացք գցելը բավարար է հասկանալու համար, որ դրանց առյուծի բաժնի սեփականատեր են հանդիսանում մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առչնվում են նախորդ համակարգի քրեաօլիգարխիայի հետ:
Փաշինյանի՝ այսպես կոչված փաստերը կարելի է երկար թվել և հերքել, սակայն առանց ռեզյումեի էլ հասկանալի է, որ այս մեկ տարվա ընթացքում իշխանությունները շատ խոսել են, քիչ գործել, և այդ միտումը դեռ շարունակվում է…