«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի ուղերձը՝ Եռատոնի առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

մայիսի 9-ին նշում ենք մեր ազգի փառավոր ուղու կարևորագույն հաղթանակների օրը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրման օրն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 

600 հազար հայորդի մասնակցել է Հայրենական պատերազմին, տվել ենք 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով, ունեցել ենք Խորհրդային միության կրկնակի հերոս՝ Նելսոն Ստեփանյանը:

1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան ազատագրվեց Շուշին՝ «Հարսանիք լեռներում» ճշգրիտ օպերացիայի շնորհիվ, այնուհետև ստեղծվեց Արցախի պաշտպանության բանակը:

Հաղթանակները յուրաքանչյուր ազգի պատմության ամենանշանավոր դրվագներն են, և պետք է դրանք շարունակական լինեն: Այսօր էլ հաղթանակներ պետք է գրանցենք մնացյալ բոլոր ոլորտներում՝ ռազմի դաշտից  տեղափոխվելով սոցիալ-տնտեսական, դիվանագիտական, կրթության ու գիտության, մշակութային ոլորտներ: 

Եկել է ժամանակը, որ Հայաստանը թևակոխի բարեկեցության, զարգացման նոր փուլ, վերջ դրվի աղքատության, արտագաղթի մտահոգիչ ցուցանիշներին:  

Մրցունակ տնտեսություն և արտաքին աշխարհի համար ընկալելի ու վստահելի գործընկեր լինելով, սփյուռքի հետ կապերի ամրապնդմամբ ու ի շահ Հայաստանի և համասափյուռ հայերի՝  մեր ունեցած ներուժի ճիշտ օգտագործմամբ, միայն կարող ենք Արցախի հարցը բերել հաղթական ավարտին՝ այն է՝ Արցախի անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից:

Մեր երկրին, մեր պետությանը, մեր հայրենակիցներին մաղթում եմ խաղաղություն և բարեբեր աշխատանք: