«Դեղամիջոցի փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ Փորձագետների մի մասը Առողջապահության նախարարության փորձագետներն են։ Կարևորն այն է, որ հիվանդներն իրենց լավ են զգում, նրանք անգամ չեն էլ պառկել հիվանդանոցում. անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո գնացել են։ Իրենք վիրահատվել են, բուժումներ են ստացել, տեսողությունները լավ է, Աստված մեզ լսեց»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը՝անդրադառնալով բուժում ստացող 6 հիվանդին, որոնց մոտ տեսողության վատթարացում է նկատվել «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված «Ավաստին» (Avastin) դեղամիջոցի ներարկումից հետո։
Մալայանը նշեց, որ Ավաստին դեղամիջոցը բուժման նպատակով իրենց ակնաբուժական կենտրոնում օգտագործվում է շուրջ 10 տարի և վստահեցրեց, որ այդ ընթացքում երբևէ որևէ խնդիր չի առաջացել։
Հարցին՝ «Նատալի ֆարմ» ընկերությունը պարզաբանում է ներկացրել՝ նշելով, որ տվյալ դեղամիջոցը նախատեսված չէ ներակնային ներարկման համար, ինչպե՞ս է ստացվել, որ իրենց կենտրոնում օգտագործվում է, Մալայանը պատասխանեց․ «Հանգիստ թողեք «Նատալի ֆարմ»-ին, մենք որևէ առնչություն այդ անվան հետ չունենք»։
Նշենք, որ Avastin դեղամիջոցը կիրառվում է բացառապես օնկոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ։ Դեղամիջոցի մասին ինֆորմացիան տեղադրված է ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ 6 մարդ գրեթե զրկվել է տեսողությունից շվեյցարական Ռոշ ընկերության Ավաստին (Avastin) դեղամիջոցի օգտագործումից հետո։ Տուժածների պնդմամբ՝ դժվարությամբ են զանազանել լույսը մթից։ Առաջացած խուճապից հետո կլինիկայի ղեկավարությունը հայտարարեց, որ դեղամիջոցում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ։ Իսկ Առողջապահության նախարարությունից փորձեցին հերքել քաղաքացիների տեսողությունը կորցնելու հանգամանքը, ըստ էության, հաստատելով խնդրի առկայությունը․ «Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը։ Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Վերջիններս վիրահատվել են»,- ասվում էր նախարարության հայտարարության մեջ։
Սոնա Հարությունյան