Արցախի և Արցախի ժողովրդի հետ կապված բոլոր հարցերը մեզ համար չափազանց կարևոր են և բոլոր տեսակի զարգացումների, գործողությունների, գնահատականների առումով պետք է լինենք չափազանց ուշադիր:
Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն, անդրադառնալով վերջերս Արցախում տոնակատարությունների ընթացքում և դրանից հետո հայաստանյան իշխանության և արցախյան իշխանությունների որոշ ներկայացուցիչների՝ կոնկրետ Վիտալի Բալասանյանի միջև հակադրությունների հարցին, թե արդյոք նախընտրական տրամաբանություն կա դրա մեջ, խորքային ինչ-որ պատճառներ կա՞ն, թե մտահոգվելու պատճառ չկա:
Դիտարկմանը, թե նա ում է տեսնում Արցախի նախագահի ընտրություններում ֆավորիտ, Էնֆիաջյանն ասաց. «Ֆավորիտ, ի վերջո, Արցախի ժողովուրդը իր կամարտահայտությունը ազատ ընտրությունների միջոցով կարտահայտի և վստահաբար, մենք էլ, որպես քաղաքական գործիչներ, ովքեր նաև միջազգային տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ներգրավված են, ևս պետք է առիթ համարենք՝ այս ընտրություններն էլ ներկայացնենք քաղաքակիրթ աշխարհին, որ, իրոք, Արցախի Հանրապետությունում տեղի են ունենում ժողովրդավարական ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ: Արցախի ժողովուրդն իր կամքը կարտահայտի»: