Հայաստան-Արցախ հակադրումը շատ վտանգավոր տենդենց է: Լինի դա հեղափոխության, հակահեղափոխության կամ որևէ այլ կոնտեքստում: Արցախի և Հայաստանի հակադրումը հղի է շատ լուրջ վտանգներով: Սա պետք է գիտակցեն և′ Հայաստանի, և′ Արցախի ղեկավարությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն, անդրադառնալով այն հարցին, թե տեսնո՞ւմ է, որ որոշ ուժեր փորձում են Արցախը վերածել հակահեղափոխության օջախի:
«Վերջին շրջանում, ցավոք, մի քանի նմանատիպ դեպքերի ականատես եղանք, ինչը սխալ է և վատ: Անկախ նրանից՝ ինչ անձնական հարաբերություններ ունեն կամ ինչպես են վերաբերվում միմյանց, պետք է պահպանեն քաղաքական ճիշտ խաղի կանոնները, միմյանց նկատմամբ հարգանքը, որովհետև մենք ունենք մի նպատակ և այդ նպատակին հասնելու համար քաղաքականության մեջ անձնական հարցերը չեն կարող դեր խաղալ, առավել ևս, չպետք է երբևէ Արցախն ու Հայաստանը որևէ կերպ հակադրվեն միմյանց»,-ասաց Գորգիսյանը: