Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին: ՈՒշագրավ է, որ նախարարին այդպես էլ չի հաջողվել քիչ թե շատ լուրջ ձեռքբերում, իսկ մեկ տարվա ընթացքում արձանագրված ձախողումների մասին նախարարը համեստորեն լռել է: Միևնույն ժամանակ, գովելի է, որ Թորոսյանն ընդունել է այն փաստը, որ նախարարությանը դեռևս չի հաջողվել ոլորտից 100 տոկոսով վերացնել կոռուպցիան։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, մինչև հայտնի կոռուպցիոն սկանդալը Թորոսյանը փորձում էր իր ոլորտը ներկայացնել ամենամաքուրը: Չստացվեց:
Ամիսներ առաջ էր նաև, որ նախարարը մեծ-մեծ խոստումներ էր տալիս՝ կապված այս կամ այն վիրահատության գնի նվազման հետ: Այդ խոստումների մեծ մասը, պարզվեց, որ ջուր են, ընդ որում՝ ի սկզբանե էլ պարզ էր, որ Թորոսյանի ծրագրերն իրականացնելը բարդ է լինելու՝ չկա համապատասխան ֆինանսավորում: Չնայած ֆինանսավորումը չի ավելացել, Թորոսյանի խոստումները չեն պակասում: Հիմա էլ նա նախատեսում է ավելացնել հոգեբուժությանը տրամադրվող ֆինանսավորումը: Շատ դրական նախաձեռնություն է, սակայն՝ ի՞նչ փողով է պատրաստվում Թորոսյանը իրականացնել իր այս ծրագիրը, և ի՞նչ է սա, եթե ոչ հերթական պոպուլիզմը:
Մեկ տարի շարունակ նախարարը զբաղվել է անձնական փիառով, ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելով: Արդյունքում ունենք քաոս ԲԿ-ում, իսկ հասարակության համար առողջապահությունը շարունակում է մնալ ոչ մատչելի: Սա է Թորոսյանի հեղափոխական փոփոխությունը, որը նա տիտանական ջանքերի շնորհիվ այս մեկ տարվա ընթացքում հաջողացրել է կյանքի կոչել: Գուցե դա է պատճառը, որ մեկ տարին ամփոփոխող ասուլիսում նախարարը խոսում է ապագայի պլաններից՝ շատ հպանցիկ անդրադառնալով իր ձեռքբերումներին…