ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ինքը՝ Մանվել Գրիգորյանը։ Նշենք, որ նա դատարան էր եկել բժշկի ուղեկցությամբ։

Դատախազի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք իր համար հասկանալի էր մեղադրանքի էությունը.

«Մեղադրանքը պարզ է, բայց դե ինձ մեղավոր չեմ ճանաչում»,–հայտարարեց Գրիգորյանը, ապա հավելեց. «Մի օրինակ բերեմ, ասում են Նազիկ Ամիրյանն է մեղավոր, Երկրապահում յոթ տեղակալ եմ ունեցել, ամեն մեկը կցված է եղել մի գործի, Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի այդ դեպքերի հետ, ով քուչեքում ինչ խոսացել ա, գրել են»։

Մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև Գրիգորյանի կինը՝ գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը։ Նա նույնպես հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Մեղադրանքը հնարածին է»,- ասաց նա։

Դատարանը, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումը, որոշում կայացրեց հետաձգել այսօրվա դատական նիստը։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։