Այսօր՝ մայիսի 14-ին, ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիայի մասնակիցների թվում է նախկին պատգամավոր, ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը։ Նախկին նախագահի դեմ պայքարողները պնդում են, որ Գագիկ Բաղդասարյանը աշխատանք է փնտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, մասնակցել է հեղափոխությանը։ Ըստ նրանց՝ Գագիկ Բաղդասարյանը եղել է «Իմ քայլը» խմբակցության Երևանի ավագնու ընտրությունների ցուցակում։

Նրանք բարձրաձայն կարդացին նաև Բաղդասարյանի՝ նախկինում գրված Ֆեյսբուքյան ստատուսը, որտեղ նա դիմել է Վիտալի Բալասանյանին, գրելով՝ «Լսի′ ընկեր, դու ո՞վ ես, որ հայի անունից խոսես։ Մենք դեռ հիշում ենք ձեր բարոյականության մակարդակը «Ծռեր»-ի գործի հետ կապված, գնա սեռժին և ռոբին էդ դասերը տուր, եղավ»։ Ինչպես պարզ է դառնում Բաղդասարյանի լուսնկարներից, նա ակտիվորեն մասնակցել է հեղափոխության ընթացքին։ Այս պահին շարունակվում է դատական նիստը և դրա հետ մեկտեղ նաև երկու կողմերի ակցիան։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները միացրել են երգչուհի Սիրուշոյի երգերը, իսկ ընդդեմ կողմը վանկարկում է «Ամո′թ»: