Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նա նշեց՝ դիմումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ, որ մայիսի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել էր, որ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ։
Նշեն, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ 2019 թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումների ժամանակ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունների համար քրեական հետապնդում հարուցելու և ԲՀԿ խմբակցության ղեկավարին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով։
Կուսակցությունը իրավապահներին ուղղված դիմումում մեջբերել էր ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որը պատգամավորին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։