ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր՝ մայիսի 14-ին, հետաձգեց։ Երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ մայիսի 15-ին, ժամը 13:30-ին։ Նիստի ավարտին Քոչարյանը շրջվեց, շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և ասաց, որ արդեն կարող են գնալ։ Երկրորդ նախագահին նրա աջակիցները ճանապարհեցին ծափերով։
Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Այսօրվա նիստին Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել մեղադրանքի կողմը։ Ըստ դատախազների՝ դեռևս չեն վերացել Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը։ Քոչարյանի պաշտպանները հաջորդ դատական նիստին կշարունակեն ներկայացնել իրենց դիրքորոշումը, ինչից հետո դատարանը երկրորդ նախագահի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, եւ հայտարարում, որ իրականացվում է քաղաքական հետապնդում։