ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով այսօրվա դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը մեջբերեց մեղադրանքից մի դրվագ.

«Իշխանությունը պահելու և ընթացող քաղաքական իրադարձությունները ճնշելու գործին ներգրավվել են Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մերձավոր որոշ անձինք»։ Ալումյանը նաև ընդգծեց, որ այդ մերձավոր շրջապատից «որոշ անձանցից» որևէ մեկի անունը չի նշվում։ Բացի այդ, չի նշվում նաև, թե որքանով է այդ անձանց գործողությունների պատասխանատվությունը կրում Քոչարյանը։ «Մեղադրանքում չի նշվում, թե արդյոք պարոն Քոչարյանը կապ է ունեցել այդ անձանց հետ, արդյոք ինքն է հրահանգել կամ արդյոք ինքն իմացել է, չի խոչընդոտել։ Ինչո՞ւ այդ գործողությունների պատասխանատվությունը պետք է կրի պարոն Քոչարյանը»,- ասաց պաշտպանը։

«Որոշ անձանց» վերաբերյալ փոքր դիտարկում արեց նաև գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նույնպես ասաց, որ որևէ նշում կամ տվյալ չկա «որոշ անձանց» մասին և ավելին, որևէ գործողություն չի կիրառվել նրանց նկատմամբ։ «Ես կարող եմ միայն ենթադրություն անել, թե ինչու է այդ մասին գրված մեղադրանքում՝ քանի որ 10 սպանության փաստը այդ քրեական գործում ընդհանրապես չկա, այս դրվագը ներառել են՝ մարդկանց ուղեղը մտցնելու, թե կարող են այդ սպանությունները կատարված լինեն «մերձավոր անձանց» և այլնի, և այլնի կողմից։ Սա մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար է։ Այլ որևէ հիմնավորում չկա այս մեղադրանքում։ Երեք անձ սպանվել է «Չերյոմուխայից», իսկ առնվազն յոթ անձ այլ հանգամանքներում և հիմա փորձում են նման հիմնավորումներ տալ» -ելույթում հայտարարեց Քոչարյանը։