Քիչ առաջ Hraparak.am-ի խմբագրություն էր եկել աչքի տակ կապտուկով մի սարսափելի բարկացած տղամարդ ու պատմեց,  որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը, ով բազմիցս իրեն «տենալու » ցանկություն է հայտնած եղել, այսօր տեսել է իրեն։ «Մայիսի 16-ին, ժամը 12․55-ի սահմաններում ես գալիս էի աշխատանքի՝ իմ տրանսպորտային միջոցով։ Տեսա՝ մարզպետի եղբայրը երթևեկում է (Կոտայքի մարզպետի) իր մեքենայով։ Կանգնացրեցի մեքենաս, մոտեցա, քաղաքավարի, եղբա՛յր, ուզում ես ինձ տեսնես, էս եմ, ասա։ Ասում ա՝ արա, դու շառ ես, թող գնա։ Ասասում եմ՝ ընգեր, էդ երանգդ փոխի, ես քեզ վիրավորելու ոչ առիթ եմ տվել, ոչ էլ էդքան արժանիք ունես, բա արի ասեմ ու սկսեց հարվածները, ես անընդհատ խույս եմ տվել, մի տասը մետր հեռու գնացի, բայց ինքը գալիս էր, հետապնդում էր ինձ։

Ինքը հետապնդեց ինձ նաև մեքենայով, ընթացքի ժամանակ հարվածեց իմ մեքենային ու ասաց՝ քեզ հլը էլի տենալու եմ», Hraparak.am -ին ներկայացրեց Գ․Հովհաննիսյանը։

Նա խնդրեց իր անուն-ազգանունը հապավումներով գրել, քանի որ չի ցանկանում, որ Նոր Հաճնում, որտեղ ապրում է, բոլորը իմանան  դեպքի մասին։ Սակայն այնպես չէ, որ  անանուն տեղեկետվություն է  փոխանցում․ դեպքից անմիջապես հետո գնացել է ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տվել։ Եղել  է նաև դատաբժշկի մոտ, ով նրա փոխանցմամբ ասել է․ «Կեղտը, ժողովրդական լեզվով ասած, ելել է ջրի երես»։

Հարցրեցինք՝ կապտուկի հեղինակը Ռոմանոս Պետրոսյանի եղբա՞յրն է։Տուժածն,ի պատասխաբ,  ասաց․«Ինքն է հարվածել վեցից յոթ անգամ՝ իմանալով, որ պահեստազորի սպա եմ։ Ես էլ փողոցում հո խուլիգան չեմ, ուզու՞մ ես մարտնչենք, գնանք ռինգ, որ հետո քաղմասը չգա իմ հետևից, որովհետև սաղ մարզին բռնել տվեցին ու ինչքան նորմալ մարդ կար, վրեն նյութեր սարքեցին՝ հիմնավոր, թե անհիմն» ։ 

Տղամարդը նաև  «Իրավունքի սահման» ՍՊԸ ի տնօրենն է։ Նա ներկայացրեց նաև այսօրվա միջադեպի նախապատմությունը՝ ասելով, որ «Իրավունքի սահման» ՍՊԸ -ն,   զբաղված լինելով նաև իրավապաշտպան գործունեությամբ, հաճախ Կոտայքի մարզպետարան ուղարկել է գրություններ, որոնք մարզպետին ու նրա եղբոր  դուրը չեն եկել։

 «Հրավիրել են հանդիպման, որ հասկանանք՝ ինչ, ոնց, բայց ես հանդիպման չեմ գնացել, ասել եմ՝ էն ինչ պտի ասեք, գրեք թղթի վրա, եթե բան կա, որ թղթի վրա չեք կարողանում գրել, ուրեմն՝ նման ձևաչափով հանդիպման ցանկություն չունեմ։ Սա իրենց երևի ինչ-որ մի վիճակի մեջ է դրել, բայց ես ունեմ իմ չափանիշները, ես եմ որոշում՝ ում հետ եմ հանդիպում, ում՝ ոչ », -շարունակեց քաղաքացին։

Սրանից հետո նրա խոսքով՝ մարզպետի եղբայրը տարբեր տեղերում ցանկություն է հայտնել՝ «բա ես իրան ուզում եմ տենամ, որտեղ պետք ա՝ տենանք, խոսանք»։ Քանի որ Գ․ Հովհաննիսյանը հասկացել է, թե Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը իր ձևակերպմամբ՝ ինչ ուղղություն է ուզում զարգացնել՝ բռնություն գործադրել,  հրաժարվել է հանդիպումից։

տեղեկացանք նաև, որ Ռոմանոս Պետրոսյանը եղբորը  դարձրել է տեղի միջնակարգ  դպրոցի կառավարման խորհրդի անդամ։ Դպրոցի կառավարման խորհրդի անդամի կրթությունից ու մասնագիտությունից Գ․ Հովհաննիսյանը տեղյակ չէր։ Միայն գիտի, որ վերջինս Կոտայքի մարզպետարանում վարորդ է աշխատում։ Քանի որ այս պաշտոնի համար կառավարությունը որևէ չափորոշիչ չի սահմանել, ով ուզի կարող է դառնալ խորհրդի անդամ։
Ինչևէ,  ոստիկանություն գնալուց հետո նորհաճնեցի սպային զանգել է մարզպետի Արտավազդ անունով օգնականը և առաջարկել հանդիպել, ասելով․ «Բա էդ ի՞նչ ա եղել, բա ինքը իրան կոռեկտ չի պահել»։

Տուժածը հրաժարվել է  քննարկել կատարվածը Արտավազդի հետ՝ ասելով, որ ոչ կոռեկտ պահողներով  զբաղվում են իրավապահ մարմինները։
Նրանց խոսակցությունն, ի դեպ, ձայնագրված է։

 

Իսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մեզ հետ զրույցում ձևացրեց, թե ոչնչից տեղյակ չէ՝ ասելով․«Ես առաջին անգամ եմ դրա մասին լսում։ Ես մարզպետարանում եմ, աշխատանքի եմ, ընդհանրապես տեղեկություն չունեմ»։

Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանը ձեռքի հետ հարցրեց նաև՝ քաղաքացին ներկայացե՞լ ու ստանալով դրական պատասխան, վրդովվեց՝ դե, թող դիմի իրավապահներին։ Իսկ ստանալով պատասխան, որ դիմել է, մարզպետը չգիտես ինչու բարկացավ ու հարցրեց՝ իրեն որ զանգել էինք, ի՞նչ էինք ուզում լսել։