Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ИТАР ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta.ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և Russia Today հեռուստաընկերության լրագրողները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:

Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են «թավշյա հեղափոխությանը», կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը և այլ թեմաների: