Այսօր առավոտյան Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց սկսված ակցիային մասնկցում էին նաև օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիա իրականացնող մարդիկ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից հետո ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց ակցիայի մասնակից Արթուր Մովսիսյանի հետ, ով նշեց, որ սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը գործուն քայլեր կիրագործի։

Այս ակցիան նա համարում է փոքրիկ հաղթանակ։ Մովսիսյանի խոսքով՝ շարունակելու են պայքարել այնքան, մինչև հիմնովին հիմնահատակ արվի այս դատական համակարգը և ստեղծվի նորը։ «Միայն Քոչարյանի գործը չէր, ուղղակի այս գործը լցրեց ժողովրդի համբերության բաժակը։ Մենք երկար տարիներ է արդեն՝ պայքարում ենք այս դատական համակարգի դեմ։ Տարբեր դիմում-բողոքներ եմ ներկայացրել՝ դատավորների վերաբերյալ, օրինակ՝ դատավոր Մակյանի, պահանջել եմ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։ Մեր պայքարը սկսվել է վաղուց, քանի որ մենք վաղուց ենք հասկացել, որ այս համակարգը փտած է, քանի որ սա հին, ՍԵրժի դատարաններն են։ Մենք ունենք նաև քաղաքացիական նախաձեռնություն՝ «Ո՛չ Սերժի դատարաններին», որը վաղուց է գործում և լավ է գործում՝ արդյունքը տեսնում ենք»,- անդրադառնալով իրենց քայլերին, ասաց Մովսիսյանը։

Այն հարցին, թե արդյո՞ք Մովսիսյանը իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը, նա նշեց , որ ծրագիրը բավական իրատեսական է համարում և կարծում է, որ մեկ ամսում այն հնարավոր կլինի իրականություն դարձնել։ «Բնականաբար, մենք ունենք ծրագիր, մինչև հիմա մեզ վարչապետը չի ասել, որ պայքարել ենք, բայց կսպասենք, կհասկանանք ակցիաների վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը, ըստ դրա կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց Մովսիսյանը։

Անդրադառնալով շրջանառվող քննադատություններին, որ ասյօրինակ միջոցառումները ճնշում են դատական համակարգի վրա և սահմանադրական նորմերի խախտում են, Մովսիսյանը պատասխանեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը կենդանի Սահմանադրություն է. «Եթե ժողովուրդը մի բան է որոշում, ուրեմն չի կարող սահմանադրական որևէ խախտում լինել, եթե ունենք գրված վատ Սահմանադրություն, որը Սերժի հագով է կարած եղել։ Ունենք թղթի վրա գրված Սահմանադրություն և կենդանի Սահմանադրություն, որը ժողովուրդն է»,- եզրափակեց ակցիայի մասնակիցը։

Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ