Նախորդ շաբաթ կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում ընդունվեց 85 միլիոն դրամ տրամադրել՝ Ազգային ժողովի համար անվտանգության 4 սարք գնելու համար։ Դրանցից 3-ը կտեղադրվեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի սենյակի առջև։ Սարքերի անհրաժեշտության և ԱԺ անվտանգության խնդրի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։
-Պարոն Խանդանյան, որպես ԱԺ պատգամավոր տեսնո՞ւմ եք նման սարքերի անհրաժեշտությունը։ Անվտանգության խնդիրներ կա՞ն։
-Միանշանակ տեսնում եմ նման սարքավորումների անհրաժեշտությունը։ Կարծում եմ, որ այս ամիսների ընթացքում կարիքները գնահատվել են ԱԺ նոր աշխատակազմի կողմից։ Կարծում եմ՝ այս շենքի համար անվտանգությունը շատ կարևոր է, քանի որ սա հատուկ պահպանվող շենք է և այն, ցավոք սրտի, անվտանգության հետ կապված ունի ցավալի անցյալ ու պատմություն։ Որքանով ես տեղյակ եմ սկանավորող սարքավորումներից մի քանիսը չեն աշխատում և այդ պատճառով աշխատակազմը անհրաժեշտություն է համարել նորացնել դրանք։ Այստեղ՝ բացի պատգամավորներից, աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնց անվտանգության ապահովումը շատ կարևոր է։
-Նշեցիք, որ նոր աշխատակազմն է նման որոշում ընդունել։ Որևէ նախադեպ կամ դեպք եղե՞լ է, որը կստիպեր մտածել այս ուղղությամբ։
-Ես տեղյակ չեմ, որ դեպք եղել է։ Կարծում եմ, որ պատճառը անսարքությունն է եղել և անվտանգության ոչ պատշաճ ապահովումը, բայց որ որևէ դեպք է եղել, որը կարող էր սպառնալիք լինել անվտանգության համար, արդեն տեղյակ չեմ։
-Այդ ռենտգեն և մետաղորսիչ սարքերից 3-ը տեղադրվելու են Արարատ Միրզոյանի սենյակի առջև։ Այս պարագայո՞ւմ էլ եք տեսնում անհրաժեշտություն։
-Արարատ Միրզոյանը, ինչպես ՀՀ նախագահը և վարչապետը, հատուկ պահպանության տակ գտնվող անձանցից է։ Ես գիտեմ, որ վարչապետի աշխատասենյակի առջև կան նման սարքավորումներ, ենթադրում եմ, որ կան նաև նախագահի աշխատասենյակի առջև։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նման անվտանգության ծրագրեր իրականացնել նաև ԱԺ նախագահի համար։
-Ներկայիս իշխանությունները աչքի են ընկել այն տեսանկյունից, որ հասարակության հետ շփվելու ժամանակ ներկայանում են առանց անվտանգության աշխատակիցների, անգամ վարչապետի համար իրականցվող անվտանգությունն այդքան խիստ չէ։ Չե՞ք կարծում, որ անվտանգությունը խախտելու կամ որևէ մեկին վնասելու համար Ազային ժողովի շենք մտնելն ավելի դժվար է։
-Այո՛, համաձյան եմ։ Մենք անվտանգության սպառնալիքներ չենք տեսնում և ունենք լիակատար վստահություն հանրության հանդեպ։ Բայց, երբ խոսում ենք այս մարդկանց մասին՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ապա իրենց դեպքում դա սահմանված է օրենքով։ Օրենքով է որոշված, որ այդ մարդիկ հատուկ պահպանության տակ լինեն։ Պատգամավորները, նախարարները և այլ պաշտոնատար անձիք նման միջոցառումների կենտրոնում չեն և չունեն հատուկ պաշտպանության կարիք։ Ցանկության դեպքում հնարավոր է որևէ մեկի անվտանգության սպառնալիք հանդիսանալ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում նման իրավիճակ չկա, որ որևէ մեկը սպառնա պաշտոնատար անձի անվտանգությանը։