Ոստիկանները պահանջել են «Ադեկվադ» հկ-ի անդամներ Արթուր Դանիելյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին՝ հեռանալ Օպերայի և բալետի թատրոնից, ասելով, որ քաղաքացուց ստացել են ահազանգ: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեցին ՀԿ-ի անդամները: Տարածքից հեռանալու ոստիկանի պահանջին «Ադեկվադի» անդամները չեն ենթարկվել, որից հետո նրանց բերման են ենթարկել բաժին:

«Ադեկվադը» այս դեպքի առնչությամբ նաեւ հայտարարություն է հրապարակել, որի մեջ ասված է․

«Քիչ առաջ Ա.Խաչատրյանի համերգասրահից, որտեղ անցկացվում էր Եվրոպայի օրվան նվիրված դասական երաժշտության համերգ, բերման են ենթարկել ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամներին՝ անանուն ահազանգի հիման վրա, պատճառաբանելով հասարակական կարգի խախտումը, ինչը բացարձակապես չի համապատասվանում իրականությանը։ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ն հայտարարում է, որ իր անդամները չեն իրականացրել որևէ օրինազանցություն, պահպանել են հասարակական կարգը, և բերման են ենթարկվել բացառապես քաղաքական դրդապատճառներով։

Համերգի կազմակերպիչները, իրենց հերթին, հաստատել են, որ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամները ներկա են գտնվել հրավիրատոմսերով, և որևէ կերպ չեն խախտել հասարակական կարգը։

Ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում ռեպրեսիվ ռեժիմ, խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։

Բերման ենթարկվածները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում՝ Ս. Վրացյան 90 հասցեով, այս պահին այնտեղ են հավաքվում աջակիցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները»։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել ենն դասական երաժշտության համերգ՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։ Նույն օրը՝ ժամը 18:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել դեսպան Սվիտալսկու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ճեպազրույցը: