Արթուր Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Պետության հիմքերը խարխլող, դեմոկրատական կարգերը ոտնահարող, կոռուպցիոն սխեմաները սնող երևույթների դեմ պայքարն ըստ էության չպետք է շրջանցի և ոչ մեկին, այսինքն՝ «օրենքի առաջ բոլորն են հավասար» եզրույթն առանց վերապահումների պետք է լինի: Սա սկզբունքային նշանակության հարց է, որն անվերապահորեն պետք է ի կատար ածվի, բայց ավաղ դա ոչ բոլոր դեպքերում է այդպես...

Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանի ազդեցիկ ու հարուստ հայերից մեկը՝ Կամո Ավագումյանը, ով հանդիսանում է «Էլիտ Գրուպ» հոլդինգ ընկերությունների խմբի սեփականատեր, «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ ու Ռուսաստանում ներկայացնում է նաև «Մերսեդես» մակնիշը, փաստացի չի ենթարկվում նոր Հայաստանի նոր խաղի կանոններին կամ նրա նկատմամբ որոշակի «սիմպոտիա» կա: Ի դեպ, Կամո Ավագումյանը 2008 թվականին նշանակվել է Ռուսաստանում ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ և մինչ օրս էլ շարունակում է այդ պաշտոնին մնալ:

Եվ այսպես, Կամո Ավագումյանը, 2018 թվականի ընթացքում, 3 տարբեր ընկերությունների միջոցով, Ռուսաստանի Դաշնություն է արտահանել մոտ 13 մլն. դեկալիտր կոնյակի սպիրտ՝ առանց որևէ փաստաթղթի, այսինքն՝ ավելի պարզ ասած պետությանը վճարվելիք հարկերն ու տուրքերը շրջանցելով: Ստացվում է Նոր Հայաստանում Ավագումյանի գործունեության տրամաբանությունը շարունակում է մնալ նույնը և ռադիկալ փոփոխությունների այն չի ենթարկվել, ինչը ուղիղ հարված է հեղափոխության արժեքներին և գաղափարախոսությանը:

Նույն աղբյուրները պնդում են, որ Ավագումյանին պատկանող սպիրտի «ցիստերները» կանգնեցված են եղել Սամվել Ալեքսանյանին պատկանող գործարանի հարակից տարածքում, իսկ թե այս ծավալի արտահանում իրականացնելու համար, երբ և ինչ ընթացակարգով է իրականացվել այդչափ մեծաքանակ խաղողի մթերում անհայտ է, դրա մասին հանրային իրազեկում չի եղել, ինչը ենթադրում է, որ այս պրոցեսում մութ կետեր կան, որոնք ենթակա են ուսումնասիրման:

Հիմա այս ամենը ինչպես հասկանալ, երբ 5000 դրամ, որպես շնորհակալություն ստացած բժշկին, ով մարդկային կյանքեր է փրկում, կոռուպցիայի մեջ են մեղադրում և ձերբակալում, բայց պետությանը այդչափ վնասներ հասցրած միլիարդատեր օլիգարխը, շարունակում է անխոչընդոտ իրականացնել իր հակապետական գործունեությունը: Այս հարցերին է, որ պետք է պատասխանեն պատկան մարմինները, որոնց թողատվության և անհետևողականության կամ գիտության և աջակցության արդյունքում, ինչը ավելի վատ է, նման արատավոր երևույթներ են տեղի ունենում Նոր Հայաստանում:

Եվ այս ֆոնին ուղղակի ամոթ է այն հայտարարություններն ու պնդումները, թե Հայաստանում կոռուպցիա չկա...»,- գրել է օգտատերը: