ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը ՀՀ կառավարության առաջարկությամբ հետաձգվեց` ճշգրտումներ և լրամշակում կատարելու նպատակով: ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Խնդիրը շատ պարզ է` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք: Նման դեպքերում պատիժը կարգավորվում է բացառապես Վարչական իրավախախտումների մասին օրենքով, որտեղ քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Նախատեսված է ընդամենը տուգանք` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատակի չափով, իսկ պաշտոնատար անձանց դեպքում 80-100-ապատիկի չափով: Առաջարկում ենք Քրեական օրենսգիրքը լրացնել նոր դրույթով` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնչացմանը կամ խեղմանը, կամ կենդանուն տանջանքների ենթարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ակնհայտ անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրությամբ` այդ թվում համացանցի միջոցով, երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով»,-ներկայացրեց համահեղինակ, հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը:
Կառավարությունը նախաձեռնությանը տվել էր դրական եզրակացություն, այնուհետև, ընդունելի համարելով առաջարկը, նշել էր, որ նախագծերով տրվում է իրավիճակային կարգավորում: Նշվել էր, որ հարցը համալիր ձևով կարգավորելու նպատակով ներկայում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ համատեղ քննարկվում է համապատասխան օրենքի նախագիծ, որում ամբողջական ձևով կարգավորվելու են կենդանիներին պահելու հետ կապված բոլոր հարաբերությունները, և այս առումով ԲՀԿ կողմից առաջարկող նախագիծը կհանդիսանա նշված օրենքների նախագծերի փաթեթի անբաժանելի մաս: Ուստի կառավարությունն առաջարկել էր այս պահին ձեռնպահ մնալ օրենքների նախագծերի ընդունումից:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, լրամշակել այն, սակայն նա նաև շեշտեց, որ նախագիծն ինքնաբավ է և կարող է նաև ինքնուրույն ընդունվել, իրենք չեն տապալում նախագծի ընդունումը: Նախագծի ինքնաբավ լինելու մասին դիտարկումը լսելուց հետո Զոհրաբյանը որոշեց չընդունել կառավարության առաջարկությունը և շարունակել հարցի քննարկումը:
Սակայն քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կողմ լինելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն, նկատեց, որ երբեմն կարող են զավեշտալի դեպքեր հայտնվել քննչական մարմինների կամ դատարանի տիրույթում: Նա պատրաստակամություն հայտնեց Զոհրաբյանի հետ լրամշակել օրենքը` խնդիրներ չստեղծելու համար: Ոմանք հարցադրումներ հնչեցին, թե որ կենդանիների նկատմամբ և որ դեպքերն են համարվում դաժան:
Հարց հնչեց նաև, թե արդյոք Զոհրաբյանը կրում է բնական մորթուց մուշտակ, ինչին պատգամավորը դրական պատասխան տվեց: Պատգամավորների հետ երկարատև քննարկումներից հետո նախաձեռնության մեջ հստակեցումներ կատարելու նպատակով Նաիրա Զոհրաբյանն ընդունեց կառավարության առաջարկը` հետաձգել հարցի քննարկումը: «Կան ձևակերպումներ, որոնք ճշգրտման կարիք ունեն, կներգրավենք նաև կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին»,-եզրափակեց պատգամավորը: