«Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարն առաջին իսկ օրվանից եղել է: Դատավորների վերաբերյալ դոսյե ԱԱԾ-ում չկա»,-այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով դատավորների գործունեության մեջ ուսումնասիրություններ կատարելուն, Վանեցյանը նշեց. «ԱԱԾ-ն իրականացնում Է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Անձը կլինի դատավոր, ԱԱԾ-ական, շարքային քաղաքացի թե նախարար՝ որևէ կապ չունի»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխումների մասին իր ելույթում հայտարարեց, որ դեռ նախընտրական շրջանում խոսել է դավադիրների և հող հանձնելու ծրագրերի մասին, ի՞նչ է արել ԱԱԾ-ն այս ամիսների ընթացքում, Արթուր Վանեցյանը ընդգծեց, որ ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնա մեկնաբանություններից:
Դիտարկմանը, որ վարչապետը նաև Իրանում էր խոսել արտերկրյա գործակալների մասին, Վանեցյանն ասաց. «Այդ հարցով մեկնաբանություն չեմ տալիս»:
Անդրադառնալով նրան, թե որն է լինելու ԱԱԾ-ի գործառույթները վեթինգ իրականացնելիս, Արթուր Վանեցյանը ասաց. «Վեթինգի մասով, անեղծ ասած, չգիտեմ՝ օրենք է լինելու, թե որոշում: Երբ կլինեն հստակ նշված, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, և ոնց ենք մենք պատկերացնում դա, և եթե ԱԱԾ-ն կունենա այդ գործընթացում իր անելիքները, ԱԱԾ-ն միանշանակ դրանք կիրականացնի»,- ասաց Վանեցյանը:
Հարցին, թե միայն դատավորնե՞րը պետք է վեթինգի ենթարկվեն, թե՞ նաև դատախազներ և ԱԱԾ-ի աշխատակիցները, Վանեցյանը պատասխանեց. «Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ողջ պետական համակարգի, որպեսզի հասարակության մոտ չմնան կասկածներ որևէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության, ունեցվածքի և այլ բաների մասին: Այդ առումով պետք է անել ամեն ինչ: Դա կկոչվի վեթինգ, թե մեկ այլ բառով, այդուհանդերձ, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե տվյալ պաշտոնատար անձին որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմվածքը, թե ոնց նշանակվեց, նրա ունեցած կապերը և այլն: Այսինքն՝ հասարակությանը պետք է փորձենք իրազեկել»,- ընդգծեց նա: Խոսելով Բագրատաշենի անցակետում քաղաքացիների մասնակցությամբ միջադեպի մասին, ԱԱԾ պետը դա որակեց քաղաքացիների կողմից սադրանք. «ԱԱԾ միջոցառումն իրականացվել է օրենքի տառին համապատասխան, որեւէ խախտում ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել: Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների և փորձել տպավորություն ստեղծել, թե կինքնավնասվեն: Ես դա սադրանք եմ որակում», -ասաց Արթուր Վանեցյանը:
Սիլվի Տիգրանյան