Անցումային արդարադատության վերաբերյալ բաց լսումներին մասնակցում են նաև արտախորհրդարանական ուժեր։ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանի հետ։
-Պարո՛ն Ավետիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում անցումային արդարադատության հաստատմանը։ Դրական միտումներ տեսնո՞ւմ եք։
-Անշուշտ, եթե պետական ամենաբարձր մակարդակով հրավիրվել են քննարկումներ, առնվազն մեծ հույս ունենք, որ գործը տեղից կշարժվի և որոշակի գործընթացներ տեղի կունենան։ Կարող եմ ասել, որ այս հարցի հետ կապված ապագան կասկադային է լինելու։ Այսինքն, մեկ մոտեցումով բոլոր հարցերը չեն լուծվելու, այլ յուրաքանչյուր ենթափուլում բացվելու է նոր ասպարեզ։ Ես շատ կուզենայի, որ համակարգային, ամբողջական և մեկանգամյա գործողությամբ լիներ, այդպես հանրային, պետական մեխանիզմը շատ արագ և արդյունավետ կառողջանար և կկարողանայինք առաջ գնալ։
Ցավոք սրտի, այսպիսին է մոտեցումը և տանջալից է լինելու, բայց համոզված եմ, որ վերջնական արդյունքի կգանք, կտեսնենք, որ տասմյակներ առաջ հանցավոր համագործակցության են ձևավորել, յուրացրել են իշխանությունը, զավթել են պետությունը, պետությունը դարձրել են իրենց հանցագործությունների գործիք։ Անկախությունից հետո ժողովուրդը հեծել է պետությունը զավթած հանցավոր համաձայնության լծի տակ։ Իհարկե, այդ ամենը ներկայացվել է ժողովրդավարության դիմակի տակ։ Ես կարող եմ վստահ ասել, որ Հայաստանում եղել է տոտալիտարիզմ։
-Օրեր առաջ դատարանների մուտքերը փակելը և այսօր ԲԴԽ նախագահի հրաժարականը խոսո՞ւմ են, որ իշխանությունների կողմից սահմանադրական կարգի խախտմամբ կա ճնշում դատական համակարգի վրա։
- Գագիկ Հարությունյանը հրաժարակա՞ն է տվել։ Շնորհավորում եմ։ Մենք սահմանադրություն չունենք սուվերենի կամքին հակառակ. նրա վզին փաթաթված անօրինական ակտ է, որը պետք է օր առաջ փոխվի։ Հեղափոխությունը պետք է հեղափոխության նման լինի։ Երբ հեղափոխությունը սկսվեց ներքևից, դրա առաջնորդի կողմից կասեցվեց և հեղափոխականության փոխարեն պարոն Փաշինյանը որդեգրեց իրավահաջորդության սկզբունքը և մոտեցումները, և մենք խրվեցինք այս ճահճի մեջ։
Ինչևէ, այսօր ժողովուրդն ունի, գոնե հիմնական մասով, վստահություն վայելող Աժ և կառավարություն, այդ պատճառով և շնորհիվ կա հնարավորություն հեղափոխությունը սկսել վերևից։ Հիմա էլ կա արտակարգ իրավիճակ և այդ իրավիճակում կա արտակարգ գործելու անհրաժեշտություն։
-Դուք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ եք, բայց կարելի՞ է ենթադրել, որ այս պարագայում աջակցում եք իշխանությանը։
-Ոչ միայն այս հարցում, այլև ազգային հեղափոխությունը շարունակելու և իր տրամաբանական ավարտին հասցնելու համար ինչ դրական քայլեր էլ արվեն, մենք ողջունելու ենք և աջակցելու։ Անցումային արդարադատությունը սկսելու համար ուշ է, բայց՝ ոչ ուշացած։
Ասպրամ Փարսադանյան