«Նաիրիշին» բաժնետիրական ընկերության շենքի դիմաց հավաքված՝ ընկերության բալանսում գործող մի քանի ընկերությունների՝ «Ընդերքաբեր» «Նաիրի շին» ՃՇՇ-ի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց՝ ամիսներով չվճարված աշխատավարձերը։ Նրանց խոսքով՝ աշխատավարձերի պարտքը կազմում է 100 հազարից մինչև 1 մլն դրամ։

««Նաիրի» ՃՇՇ-ի տնօրեն Յագոր Խերիմյանը ամեն օր էսօր-էգուց է անում, թե կվճարի մեր քրտինքով աշխատած գումարները, բայց էդպես էլ չի տալիս։ Պատճառաբանում է, թե  տրանսպորտի և կապի նախարարությունը գումարը չի փոխանցել։ Այսօր էլ ասաց, որ նախարարությունում է և պատրաստվում է հանդիպել նախարար Հակոբ Արշակյանին՝ խնդիրները ներկայացնելու համար»,- բողոքում են աշխատակիցները։ 

Սակայն ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշեց, որ նախարար Հակոբ Արշակյանը գործուղման է, հետևաբար, տնօրենը չէր կարող հանդիպել նրան․ «Խնդրին ծանոթ ենք, կապի և տրանսպորտի նախարարությունը մինչև այս տարվա մարտը իր պարտավորությունները նշված ընկերությանը կատարել է, ամբողջ գումարը փոխանցել ենք։ Թե ինչի համար Եգոր Խերիմյանը աշխատավարձերը չի տվել՝ արդեն մեր ոլորտը չէ։ Ինչ վերաբերում է մարտից հետո, ապա հայտնաբերել ենք որոշ թերություններ ու հանձնարարել ենք, որ երբ թերությունները կվերացնեն՝ կապի նախարարությունը գումարը կփոխանցի»,- ասաց Ավետիսյանը։ 

Մեզ Տրանսպորտի և կապի նախարարությունից փոխանցեցին, որ նախարարությունը «Նաիրի» շինարարական կազմակերպության բանվորների աշխատավարձի վճարման հետ որևէ առնչություն չունի, քանի որ աշխատավարձերի վճարումն իրականացվում է տվյալ կազմակերպության կողմից․ «Ինչ վերաբերում է, որ նախարարությունը ապրիլի 1-ից տվյալ կազմակերպությանը վճարում չի կատարել, ապա տեղեկացնում ենք, որ «Նաիրի» շինարարական կազմակերպությունը ապրիլ ամսվա ընթացքում պատշաճ չի կատարել պայմանագրով նախատեսված պահպանման և շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները, դրանք իրականացրել է մեծ թերություններով և ոչ ժամանակին: «Նաիրի» շինարարական կազմակերպությունը նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց չէ։ Այն տվյալ ճանապարհի սպասարկման իրավունքը ստացել է մրցույթի արդյունքում, և իր աշխատողների աշխատավարձերի վճարումը տվյալ շինարարական կազմակերպության խնդիրն է»,- ասացին նախարարությունից։

 

Սոնա Հարությունյան