Զանգով որոշումներ կայացնող դատավորների գործողությունների մասին տեղեկատվության դեպքում ԱԱԾ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։
 
Այս մասին մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
 
«Նման տեղեկությունների դեպքում մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կիրականացնենք, որ այդպիսի երևույթները չկրկնվեն»,- ասաց Արթուր Վանեցյանը։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում խոսեց «Վեթթինգի» մասին: Նա նշեց, որ դատական համակարգը վիրահատական միջամտությունների կարիք ունի:
 
Դրա նախօրեին վարչապետը հանրապետության բոլոր դատարանները առավոտյան 08:30-ից արգելափակելու կոչ արեց, իսկ ելույթից հետո հայտարարեց 13:30-ից դադարեցնել արգելափակումը: «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, «Վեթթինգ»-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,- ելույթում նշել է վարչապետ Փաշինյանը: