Դատական համակարգում սպասվող փոփոխությունների՝ անցումային արդարադատության և վեթինգի մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ-ի նախագահ Պարգև Օհանյանի հետ։
-Պարո՛ն Օհանյան, Ձեր կարծիքով սպասվող փոփոխությունների պրոցեսը իսկապես անհրաժե՞շտ է դատական համակարգին։
-Փափոխություններ դեռ չեն արվել, իսկ անելիքը շատ է և իհա՛րկե անհրաժշտ է։ Այո՛, պե՛տք է, պետք է սկսել նախ օրենքներից, հետո հընթացս իրականացնել վեթինգ։
-Երեկ դատավորների նիստում քննարկվում էր այն հարցը, որ իրենք դեմ չեն փոփոխություններին, ուղղակի դրանք պետք է լինեն առանց իրավական խախտումների և ճնշումների։ Հնարավո՞ր է առանց ճնշումների կատարել այս փոփոխությունները։
-Նախ, ի՞նչ ասել է ճնշում։ Եթե ճնշում կա իրենց գործունեության վրա, այսինքն արդարադատության իրականացման առիթով, ապա դա անթույլատրելի է։ Իսկ եթե ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը ճնշում է որակի համար, ապա պետք է հասկանալ՝ դա ճնշո՞ւմ է, թե՞ ճնշում չէ։ Վերջին հաշվով, եթե անգամ դա ճնշում է, ապա թող չճնշվեն, որովհետև իրենք անկախ են։ Իրապես անկախ են վարչապետից, գործադիրից, օրենսդիրից։ Միշտ էլ անկախ են եղել, բայց ոչ այնքան, ինչքան հիմա։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի 80 և ավել տոկոսի կողմից ընտրված վարչապետն է, և եթե նա բարձրաձայնում է խնդրի մասին, ապա դա ճնշում չէ, դա կոչ և հորդոր է, որպեսզի սթափվեն, ինքնամաքրվեն։ Չմոռանանք, որ չկա մի օրենք, որով գործադիրը կամ օրենսդիրը կարող է որևէ ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ։ Անկախության երաշխավորը դե յուրե օրենքն է, իսկ դե ֆակտո՝ դատական խորհուրդը, որն ինչ-որ տեղ չարաշահել է իր լիազորությունները։
-Այս փոփոխություններում սպասվում է նաև վեթինգի գործընթաց, Դուք տեսնո՞ւմ եք դրա անհրաժեշտությունը։
-Վեթինգն անհրաժեշտ է, բայց այն պետք է իրականացնել շատ զգույշ, շատ արդարաբար։ Նաև հարց է ծագում՝ ո՞վ պետք է իրականացնի, ո՞վ է լինելու այն դատավորը կամ դատավորների խումբը, որը պետք է այդ պրոցեսը իրականացնի։ Չի կարելի, որ դա լինի, այսպես ասած, իշխանական կամ քաղաքական, դա պետք է լինի շատ անկախ մարմին, և այս մարմնի անկախության և անաչառության չափանիշները պետք է շատ բարձր լինեն։ Պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի տեղի չտրվի անարդարությանը, կոռուպցիայի, չարաշահումների, բայց գործընթացը նորմալ է։
-Այս պրոցեսների մեջ ռիսկեր տեսնո՞ւմ եք։
-Ռիսկեր միշտ կան, բայց ռուսն ասում է՝ ով ռիսկի չի գնում, շամպայն չի խմում։ Առանց ռիսկի ոչինիչ չի լինում, բայց ռիսկը պետք լինի արդարացված, հավասարակշռված։
-Անցումային արդարադատության և վեթինգի գործընթացներից հետո դատավորների աշխատանքի որակը կբարելլավի՞։
-Ոչ։ Շատերը և անգամ իրավաբանները չեն հասկանում, որ անցումային արդարադատություն կոչվածը վերաբերում է անցյալի գործերին: Ընդամենը։ Այսինքն՝ արցումային արդարադատությունը առաջնային չէ, ոչ էլ վեթինգն է առաջնային։ Մենք պետք է կատարենք բարեփոխումներ, լուրջ փոփոխություններ՝ օրենքում։ Եվ եթե հնարավոր է՝ նաև դատական իշխանության մեջ, այսպես ասած, «անպտուղ ծառերը» հեռացնենք: Դա արդեն պետք է արվի վեթինգի միջոցով։ Այսինքն, պետք է սկսել օրենսդրական փոփոխություններից և ընթացքում լուծել վեթինգի հարցը, դրա միջոցով կարգի բերել ոմանց, ոմանց էլ հեռացնել համակարգից։ Այդ ընթացքում էլ զբաղվել անցումային արդարադատությամբ, ստեղծել այդ հանձնաժողովները, փաստահավաք խմբերը, որոնք արդեն կամաց-կամաց կհավաքեն նյութեր՝ նախկինում անօրինական դատավճիռները վերանայելու համար։
Հարցազրույցը՝ Ասպրամ Փարսադանյանի