Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օր, այլև Երեխաների պաշտպանության միջազգային օր: 

Օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում, երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: 

ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը` որպես երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվել է 1950-ին.  ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։ Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես՝ ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: 

Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո` 1996 թ.-ին, ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան: Ամեն տարի այս օրը քաղաքը գունավորվում է փոքրիկների գեղեցիկ նկարներով, լցվում ուրախ ճիչերով ու ծիծաղով: