Առյուծները սպանվել են։ Այս մասին այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանը։ «Պատճառաբանությունը, թե հիվանդ են եղել, տարիքով մեծ են եղել` սուտ է. դրանք 18 տարեկան են եղել, իսկ առյուծներն ապրում են 25֊30 տարի»,֊ ասաց նա՝ նշելով, որ իրավապահ մարմինները կպարզեն, թե որն է եղել կենդանիներին սպանելու պատճառը։
Արտյոմ Վարդանյանը նշեց՝ իր համախոհների հետ պայքարելու է, որպեսզի կասեցվեն այգում տիրող անընդունելի երևույթները։ Նշենք, որ կենդանասերները տևական ժամանակ է ահազանգում են, որ 2016֊ին առյուծներ են սպանվել։
Նրանց խոսքով՝ Երևանի կենդանաբանական այգում շինարարական աշխատանքներ իրականացնելու և առյուծների համար նոր ազատավանդակներ կառուցելու համար անհրաժեշտություն է առաջացել կենդանիների տեղափոխություն այլ կացարան:
Այս առիթով Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ժողով է հրավիրել աշխատակազմի հետ և տեղեկացրել, որ 8 առյուծներին՝ 4 որձին, 4 էգին պետք է որևէ տեղ տեղափոխել, սակայն 3 որձին և տարիքով մեծերին պետք է քնեցնել: Ռուբեն Խաչատրյանը կենդանիների տեղափոխության գործընթացը կազմակերպում է գաղտնի, երեկոյան ժամի, և բոլորը հավատացել են, որ կենդանիները քնեցվում են տեղափոխության համար և տեղ հասնելով` պետք է արթնանան, բայց 7-8 ամիս անց պարզվում է, որ 3 որձ առյուծներին ընդհանրապես չեն արթնացրել: Կենդանասերները պնդում են՝ երբ ազատավանդակների նորոգումը կազմակերպելու համար առյուծներին պետք է ժամանակավոր Ուրցաձոր տեղափոխելու համար քնեցնեին, նրանց քնեցրել են ընդմիշտ։