«Դժգոհություններ եղել են և կան նաև գործող նախարարներից, միշտ կան և պետք է լինեն»,- Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Թե ինչ պատճառով է նախարարը հրաժարականի դիմում ներկայացրել Գրիգորյանը դժվարացավ ենթադրել և ասաց, որ այդ հարցերի գլխավոր հասցեատերը Զեյնալյանն է։ Պատգամավորի խոսքով՝ թափանցիկ աշխատող նախարարը այս անգամ էլ կպատասխանի իրեն ուղղված բոլոր հարցերին։
«Ես իր փոխարեն չեմ կարող պատասխանել, ոչ էլ եղել եմ վարչապետ կամ այլ պաշտոնում, որ կարողանամ ավելի անմիջական տեղեկատվություն տրամադրել։ Գիտեք, որ իշխանության ուժերը տարանջատված են և տվյալ պարագայում ես հավելյալ ինֆորմացիա այս պահին չունեմ»,- ասաց պատգամավորը։
Հարցին, թե արդյո՞ք Ազգային ժողովի կողմից վստահություն կար Զեյնալյանի գործունեության նկատմամբ, Գրիգորյանն ասաց, որ վստահություն եղել է այն առումով, որ պարոն Զեյնալյանը միշտ փորձել է գործել՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Պատգամավորը շեշտեց, որ ինքը նման վստահություն ունեցել է։
«Իր անձի նկատմամբ, այո՛, վստահություն ունեցել եմ, բայց կատարված քայլերի մասով անվերապահ վստահություն Հայաստանում ոչ մի քաղաքական գործչի նկատմամբ չկա։ Բոլորս բոլորիս աշխատանքին նայում ենք քննադատական աչքով, և զուտ մասնագիտական տարաձայնություններ միշտ կարող ենք ունենալ՝ անառողջ կլինի, եթե չունենանք»,-հավելեց Գրիգորյանը։
Անդրադառնալով Զեյնալյանի գործունեության քննադատելի քայլերին՝ պատգամավորը պատասխանեց, որ ինքը չի կարող քայլերի մասով որևէ բան ասել։ Մինչև քննադատելը ինքը պետք է վստահ լինի, որ այդ պաշտոնում լինելու դեպքում, ավելի լավ կաշխատեր։
«Ես երբեք չեմ եղել Արդարադատության նախարար և չեմ կարող ասել, որ երբևէ դժգոհ եմ եղել այս կամ այն քայլից։ Ինչ վերաբերում է նախագծերին, որոնք պարոն Զեյնալյանը զեկուցել է և՛ լիագումար նիստերին, և՛ հանձնաժողովի նիստերի ընթացքում, դուք էլ առիթ եք ունեցել տեսնելու, որ կարող են լինել որոշակի մասնագիտական տարաձայնություններ։ Բնականաբար, չպետք է իջնենք այն պրիմիտիվ մակարդակին, որ մեկս մյուսին չի սիրում կամ չի վստահում։ Վստահությունը կարող է լինել մղումների նկատմամբ։ Այն, որ պարոն Զեյնալյանի մղումներրը եղել են արդար, ես դրան վստահում եմ։ Դա չի ստիպել ինձ քննադատաբար մոտենալ և նախարարի կարծիքից տարբերվող կարծիք ունենալ»,-եզրափակեց պատգամավորը։
Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ