Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուի շտաբերից մեկի ղեկավարի մեքենայի ու բնակարանի նախամուտքի հրկիզման քր.գործով հարցաքննվել են 20 վկաներ:
Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը, ոչ միայն այդ գործով, այլ բոլոր գործերով իրենք տարբեր վարկածներ են առաջ քաշում և միաժամանակ ստուգում:
Հարցին՝ Ձեր հոտառությունն ի՞նչ է ասում, դա կազմակերպված շոո՞ւ էր, հնարավո՞ր է ինքնահրկիզում լիներ, Հ.Գրիգորյանը ծիծաղով պատասխանեց. «Հոտառության խնդիր չկա: Կան առաջ քաշված վարկածներ: Դրանք մի քանիսն են, կոնկրետ՝ 4-ը: Բոլոր հնարավոր վարկածները պետք է քննիչը առաջ քաշի, միաժամանակ ստուգի՝ կա՛մ հերքի, կա՛մ հաստատի»:
Ըստ նրա՝ նշանակվել են փորձաքննություններ, տրվել են մի ծշարք օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություններ, որոշակի կրիտիկական մասսա ապացույցների տեսակետից ձեռք բերելու պարագայում միայն կքննարկեն՝ ո՞ր վարկածին են հակված, ո՞րն է հիմնավորվում, ո՞րն է հերքվում.
«Ոչ մի վարկած էլ ո՛չ հերքվել է, ո՛չ հաստատվել: Ես նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել վարկածները, դա նախաքննության շահերից չի բխում այս պահին»: