ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները հունիսի 7-ին Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Ինչպես հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են հոգեբուժական կազմակերպությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հաստատությունում պահվող պացիենտներին առնչվող փաստաթղթերը:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկ և սոցիոլոգ, այն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):

Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները.

կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ, առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
բժշկական փաստաթղթերի վարման հետ կապված խախտումներ կամ այդ փաստաթղթերի ոչ պատշաճ վարում,
հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ,
հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ, որոնք ողջ երկրում ունեն համակարգային բնույթ և շարունակ լուծում չեն ստանում՝ հանգեցնելով մարդու սահմանադրական իրավունքների կոպիտ խախտումների,
հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներ,
հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների սոցիալական անբավարար երաշխիքներ՝ ներառյալ աշխատավարձ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների սակավություն կամ բացակայություն, և այլն:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնին, Առողջապահության նախարարություն, ինչպես նաև հնարավոր այլ իրավասու սուբյեկտների:

Պետք է նշել, որ այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ բարեկարգվել են լոգարանները, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել առանձին սանհանգույցներում, ձեռք են բերվել նոր մահճակալներ ու անկողնային պարագաներ:

Հոգեբուժական հաստատության տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ աշխատել վեր հանված խնդիրների վերացման, պացիենտների իրավունքների ապահովման վիճակի բարելավման, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում բուժանձնակազմի կարողությունների զարգացման և իրավական իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հոգեբուժական կազմակերպության այս մոտեցումը և ևս պատրաստակամություն է հայտնում նպաստել վեր հանված խնդիրների լուծմանը: