Գեներալ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն է, առանց փոփոխությունների, միջին ծանրության։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:

«Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ ընդունվել է «Նաիրի» ԲԿ, ուստի դրական դինամիկա նկատել չենք կարող։ Նա ունի քրոնաիկական հիվանդություն՝ շաքարային դիաբետ, հետևաբար, պետք է լինի հսկողության տակ, ամբողջ կյանքի ընթացքում պետք է ստանա համապատասխան դեղորայք և սննդային ռեժիմը չխախտի։ Ինքը դեղադուլ էր հայտարարել, ինչից հետո վիճակն ավելի էր վատթարացել, հիմա մենք կարգավորում ենք իր սննդակարգը, մնացածը ժամանակը ցույց կտա»,- ասաց նա։

Անդրադառնալով Գրիգորյանի՝ բուժումը «Նաիրի» ԲԿ-ում շարունակելուն, Անատոլի Գնունին նշեց, որ Քրեակատարողական վարչությունը այդ հարցով նամակով դիմել է իրենց․ «Մեզ նամակ են ուղարկել, որ Մանվել Գրիգորյանը ցանկություն ունի տեղափոխվել «Նաիրի» ԲԿ և որքանո՞վ ենք մենք պատրաստ ընդունել նրան։ Մենք պատասխանել ենք՝ պատրաստ ենք ընդունել՝ անկախ նրանից, թե ով է հիվանդը։ Մեզ համար տարբերություն չկա՝ դա Մանվել Գրիգորյանն է, թե այլ անձ։ Մեր պարտականությունն է մարդկանց բուժսպասարկում ապահովելը և մեզ համար բացարձակապես տարբերություն չկա, թե ով է մեզ դիմում»,- ասաց նա։

 

Նա նաև փոխանցեց, որ Մանվել Գրիգորյանը դիմել է խնամակալի համար և իրենք թույլատրել են, որպեսզի նրա հարազատներից որևիցե մեկը խնամի նրան․ «Ինքը ցավեր ունի ոտքերի, մեջքի հատվածում, դրա համար մենք դեմ չենք, որ ինչ-որ մեկն իրեն խնամի, որպեսզի կարողանա տեղաշարժվել»,- նշեց «Նաիրի» ԲԿ։ 

Նշենք, որ հունիսի 14-ին Մանվել Գրիգորյանին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում էր բուժում ստանում եւ նրա պաշտպանների պահանջով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր ՀՀ իշխանություններին նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում՝ կոնկրետ «Նաիրի» ԲԿ-ում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: