Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 90 տարեկան: Մեծն շախմատիստի ծննդյան օրվա առթիվ Ձեզ ենք ներկայացնում նրա մտքերից․
«Ընդհանրապես կարծում եմ, որ շախմատում ամեն ինչ կախված է տակտիկայից: Եթե ոմանք խաղի ստրատեգիան նմանեցնում են մարմարե սյունի, ապա տակտիկան այն քանդակն է, որի վրա քանդակագործը երկար ժամանակ աշխատում է և արվեստի գլուխգործոց ստեղծում»:
«Ճիշտ է այն կարծիքը, որ շախմատիստը խաղում է այն խաղաոճով, որն ավելի մոտ է իր էությանը: Ես բնավորությամբ շատ զգույշ եմ և տանել չեմ կարողանում այն իրավիճակները, որոնք իրենց մեջ ռիսկ են պարունակում»:
«Մարդիկ այն կարծիքին են, որ իմ սիրելի շախմատիստը Կապաբլանկան է:Շատերն ինձ նույնիսկ անվանում են «Կապաբլանկայի խաղաոճի հետևորդ»: Իհարկե, դա այդպես է:Բայց եթե այլ շախմատիստների անուններ թվարկեմ, որոնք ինձ դուր են գալիս, ապա կնշեմ Նիմզովիչին և Ռուբինշտեյնին»:
«Խաղաքարերի փոխանակման առաջին և հիմնական դժվարությունն այն է, որ պահանջվում է ֆիզիկական զգուշություն: Այլապես նավակդ կփոխանակես ինչ - որ չնչին խաղաքարի հետ: Երկրորդ դժվարությունն այն է, որ երբեմն հանգամանքները կարող են ստիպել հրաժարվել խաղաքարերի փոխանակումից: Այդ իսկ պատճառով պետք է հետագա քայլերիդ մասին նախօրոք մտածես»։
«Իմ կարերայի լավագույն շախմատը խաղացել եմ 1958 -1963 թվականների ընթացքում: Դրանք այն տարիներն էին, երբ պայքարում էի շախմատի թագի համար: Ես ոգեշնչվում էի նպատակիս հասնելու պայքարից, բայց երբ հասնում ես նպատակներիդ, առաջ շարժվելու ձգտումդ փոքր - ինչ նվազում է: Ինչքան մեծանում ես, այնքան այդ ցանկությունները քչանում են»:
«Այո', ես ավելի շատ նախընտրում եմ պաշտպանվել, քան հարձակվել; Բայց ո՞վ է ասել, որ պաշտպանվելն ավելի քիչ ռիսկային և վտանգավոր է, քան հարձակվելը»:
«Ցանկացած դիրքում անսահման տարբերակների հնարավորություն կա: Ցանկացած նոր քայլ ստեղծում է բոլորովին նոր տարբերակ»:
«Շախմատում ամենաշատը գնահատում եմ լոգիկան: Համոզված եմ, որ շախմատում ոչինչ պատահական չի լինում: Հավատում եմ միայն մտածված, ճիշտ խաղին»:
«Շատերն են ինձ հալածում իմ ոչ ոքիների, իմ խաղաոճի և այն ամեն ինչի համար, ինչ անում եմ»:
«Անկեղծ ասած կցանկանայի Բենկոյի դեմ խաղերում հիվանդ լինել, քան մրցել նրա դեմ: Բենկոն իմ դեմ միշտ շատ հանգիստ և հստակ է խաղում»:
«Այսօր շատ շախմատիստներ, հիմնականում երիտասարդ խաղացողներն այն կարծիքին են, որ հին սկզբնախաղերը այնքան են վերլուծվել, որ դրանց հիման վրա այլևս ոչինչ հնարավոր չէ ստեղծել: Սա շատ լուրջ սխալ է: Դիրքային խաղի տարբերակները տարեցտարի ավելի են կատարելագործվում: Հին սկզբնախաղերին ծանոթ լինելով' կարելի է բազմաթիվ նոր տարբերակներ ստեղծել»:
«Ավելի հեշտ է խաղալ երիտասարդ խաղացողների դեմ. Նրանք կարծես բացված գիրք լինեն ինձ համար»:
«Նույնիսկ ամենաուժեղ խաղացողներն իրենց կարիերայում ունեցել են լուրջ հիասթափություններ, երբ անուշադրության պատճառով չեն կատարել լավագույն քայլերը»:
«Սովորաբար սկզբնախաղն օգտագործվում է այն հակառակորդների դեմ, որոնց հիմնական առավելությունը հենց դա է: Հիմնական գաղափարը մրցակցի դեմ իր իսկ «զենքով» պայքարելն է»:
«Ֆիշերն առաջին մեծահամբավ խաղացողն է շախմատում: Նա հաջողության հասնելու համար կդիմեր ցանկացած միջոցի»: