Խորհրդարանում տնտեսական բլոկի պատասխանատուները մեկը մյուսին հերթ չտալով ներկայացնում են այն աճը, որը գրանցվել է այս կամ այն սեկտորում՝ դա վերագրելով մեկնարկած տնտեսական հեղափոխության հաջողությանը: Սակայն քչերն են ցանկանում բարձրաձայնել այն նույն տնտեսական հեղափոխության մեդալի հակառակ կողմի մասին, որը վերջին ամիսներին էլ ավելի ակնառու է դառնում: Խոսքն անկումների մասին է, տարատեսակ ցուցանիշների նվազման, որոնք, սակայն, շատ ավելին են ասում տնտեսության ներկայիս վիճակի մասին, քան խորհրդարանում հնչող բաժակաճառերը:
Արդյո՞ք կառավարությանը հուզում է այն հանգամանքը, որ մինչ գործադիրում պարծենում են բացված, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ստվերից դուրս բերված աշխատատեղերով, պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մարտին Հայաստանում հայտարարագրվել է 564.454 աշխատատեղ։ Ընդամենը մեկ ամսվա տարբերությամբ աշխատատեղերը կրճատվել են 4750-ով։ Փետրվարին Հայաստանում հայտարարագրված է եղել 569.204 աշխատատեղ։ Մեկ ամսվա ընթացքում ավելի քան 4700 աշխատատեղի կրճատումը, ինչով էլ դա պայմանավորված լինի, թանկ հաճույք է Հայաստանի աշխատաշուկայի համար։ Հատկապես, որ գործազրկության առումով վիճակն առանց այդ էլ մի բան չէ։
Կրճատվել են Հայաստան եկող ռեալ ներդրումները, անգամ ֆինանսների նախարարն է դժվարանում նշել մեկ տարվա մեջ Հայաստան եկած ներդրումների թիվը: Գուցե պատճառն այն է, որ դրանք պարզապես չկան, լինելու դեպքում էլ շոշափելի չեն, հատկապես, երբ համեմատում ենք նախորդ տարվա ցուցանիշների հետ:
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ բնակչության ընդհանուր թիվը նույնպես շարունակել է նվազել։ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ բնակչության թիվը նվազել է 7,8 հազարով։ Թե ինչով է պայմանավորված նվազումը՝ դժվար չէ կռահել. պատճառը գործազրկությունն է, վաղվա օրվա հանդեպ վստահության բացակայությունը:
Ինչի՞ց են ի հայտ եկել այս խնդիրները և ի՞նչ կարող է անել կառավարությունը ստեղծված վիճակը ուղղելու համար: Նախևառաջ պետք է մտածել երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման ուղղությամբ: Քանի դեռ այդ քայլը կատարված չէ՝ մարդիկ տարատեսակ ճանապարհներ են փնտրելու երկրից հեռանալու համար, ներդրողները խուսափելով ասֆալտին փռվելու, բանկային գաղտնիքները հրապարակայնացնելու անհրապույր սցենարից նույնիսկ չեն էլ մտածում ներդրումներ անելու ուղղությամբ: Կառավարությունը պետք է նաև իջնի երկնքից և ռեալ քայլեր գործադրի նոր աշխատատեղերի ստեղծման և ինչն էլ ավելի կարևոր է՝ առկա աշխատատեղերի պահպանման ուղղությամբ: Տնտեսական աճի մասին բաժակաճառեր հնչեցնելը իհարկե հեշտ է, սակայն հեղափոխությունն արվել է՝ առաջին հերթին նպատակ հետապնդելով հանրության կյանքում ռեալ փոփոխություններ մտցնելու համար. փոփոխություններ, որոնց արդյունքում կյանքի բարելավումը կլինի շոշափելի, չափելի և չի արտահայտվի միայն պետական գերատեսչությունների ներկայացրած՝ կասկած հարուցող թվերի տեսքով…