Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում, որ կառավարության կազմում և իր քաղաքական թիմում արդյունք ցույց չտված գործիչները երկար իրենց աթոռներին չեն մնալու: Դա, իհարկե, տրամաբանական է Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի համատեքստում, սակայն, ՀՀ շարքային քաղաքացին մինչ օրս ականատես չի լինում ո՛չ գերէֆեկտիվ աշխատանքի, ո՛չ էլ հրաժարականների շարանի, որոնք, օբյեկտիվորեն պետք է հետևեին, եթե Փաշինյանը, ինչպես ասում են, իր խոսքի տերը լիներ:
 
Գաղտնիք չէ, որ Փաշինյանի քաղաքական թիմի ամենաթույլ օղակներից մեկը մարզպետներն են, և դա բնավ էլ ոչ այն պատճառով, որ հեղափոխությունը այդպես էլ մարզեր չհասավ: Պատճառն այն է, որ Փաշինյանի բարձր վարկանիշի կտրուկ անկման գործում իրենց լուման ունեն հենց ՏԻՄ ղեկավարները, որոնք տեղերում, կարելի է ասել՝ «պռավալ» են տալիս «պռավալ» տալու ենթակա ամեն ինչ: Արդեն իսկ լրացել է մի շարք մարզպետների պաշտոնավարման մեկ տարին, և կարելի է որոշակի եզրակացություններ անել՝ դիտարկելով մարզերում առկա խնդիրների կրճատման ծավալներից: Իսկ այդ ծավալները` մտահոգիչ են: Անցած մեկ տարվա ընթացքում Փաշինյանի մարզպետները չեն հասցրել աչքի ընկնել ոչնչով՝ դատական քաշքուկներում, ծեծկռտուքների մեջ հայտնվելուց, նախկինների վրա անխնա և ընդ որում՝ անարդյունք կեղտ որոնելուց և իհարկե՝ նույնչափ անխնա ինքնապարգևատրվելուց բացի:
 
Դիցուք՝ Արարատի մարզի համար գերխնդիր է ջրի հարցը, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Այս մեկ տարվա մեջ այդ հարցում սայլը տեղից շարժվե՞լ է: Ո՛չ: Մարզպետը զբաղված է ծանոթ-խնամի-բարեկամ շղթային աշխատանքով ապահովելով և կյանքի երազանքը՝ կոկորդիլոսաբուծարանի բացումը իրականացնելով: Սակայն, արի ու տես՝ Արարատի մարզպետը դեռ իր դիրքում է: Գուցե այն պատճառով, որ Փաշինյանի և հանրության համար արդյունք ասվածը տարբեր հասկացություննե՞ր են:
 
Օրինակ՝ հնարավոր է՝ Գարիկ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել, քանի որ ՔՊ համար ընտրությունների ժամանակ 20 հազար ձայն է հավաքել և Փաշինյանի պատկերացմամբ՝ արդյունքը հենց դա է: Այս տեսանկյունից՝ իրենց արդարացրել են բոլոր մարզպետները: Սակայն, Փաշինյանը հասկանում է, որ մեկ տարի անց իր կադրերը հեղափոխությունը մարզեր չեն հասցրել, և հենց դա է պատճառը, որ ՔՊ վարչության նախագահ է ընտրվում տարածքային կառավարման նախարարը, դա է պատճառը որ մի շարք օրենսդրական փոփոխություններ են սպասվում ՏԻՄ-ին վերաբերվող օրենքներում, ինչի շնորհիվ տեղական իշխանություններն էլ ավելի վերահսկելի կդառնան…