
Հունիսի 24-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը սուր քննադատության արժանացրեց ՀՊ նախագահ Լևոն Յոլյանին և կոչ արեց ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել:
Այսօր Յոլյանը պատասխանելով իր հասցեին հնչած քննադատություններին և հրաժարականի կոչին, պատասխանեց, որ չի պատրաստվում թողնել իր պաշտոնը. «Ես ասեմ, որ այդպես կառչած չեմ այս գործին, բայց կան որոշակի սկզբունքներ. երբ գտնեմ, որ արդեն անելիք չունեմ՝ հրաժարական կտամ»։
Անդրադառնալով Յոլյանի բիզնես գործունեությանը, Բաբաջանյանը հարց էր բարձրացրել. «Ձեզ ծանո՞թ է «Մակրո-Երևան» ՍՊԸ-ն: Այդ ընկերությունում Դուք սեփականատեր եք նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ձեզ ծանո՞թ է «Մարկ ինթերնեշնլ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մեծածախ և մանրածախ էլեկտրատեխնիկայի վաճառքով: Այս ընկերությունում Ձեր կինը՝ Անուշ Ասլանյանը, համասեփականատեր է նույն ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի հետ: Ի՞նչ եղավ 2015թ. Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական տարածքում նախատեսված ոսկու հանքավայրի հետ: Կարելի՞ է իմանալ՝ Ձեր կինը ի՞նչ միջոցներով էր ծրագրել հիմնել այդ բիզնեսը»:
Նա ներկայացրեց իր բիզնես գործունեության վերաբերյալ մի քանի տվյալներ՝ ասելով, որ 1998-ին Մոսկվայից եկել է Հայաստան, ներդրումներ կատարել, ստեղծել ընկերություններ, սակայն տարիների ընթացքում դրանք չեն դիմացել շուկայի մրցակցությանը ու փակվել են: Նրա խոսքով՝ 1998-ից ՀՀ տարբեր պետական մարմիններում զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ:
2007-ին եղել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, այնուհետև՝ էներգետիկայի փոխնախարար, հետո վերադարձել Վերահսկիչ պալատ՝ որպես նախագահ: «Չդիմացանք տեղի շուկայի կարգուկանոնին ու դուրս մղվեցինք: Արդեն չորս տարի՝ բիզնեսով չեմ զբաղվում»,-հավելեց Յոլյանը։
Ասպրամ Փարսադանյան