Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ներգրավված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործում և հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Էկոնոմիակայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Վերջինս նախաքննական գաղտնիքից ելնելով՝ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել:
Նշենք, որ Գայանե Աբրահամյանը 2019 թ. հունիսի 26-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ բացահայտելով, թե ով է իր հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպանության սպառնալիքով գրառումներ կատարած ՖԲ օգտատեր Ռոբերտ Ավագյանը։ Այս առիթով պատգամավորը դիմել էր ոստիկանություն։
Հունիսի 25-ին պարզվեց, որ Գայանե Աբրահամյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել «Ադեկվադ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանը, ով հարցաքննություննից հետո ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր դրա մասին։ Նշենք, որ գործի շրջանակում հարցաքննվել են նաև այլ անձինք:
Ի դեպ, թեև դեռևս հայտնի չէ, թե ինչ առնչություն կարող է ունենալ Էկոնոմիկայի մամուլի խոսնակը տվյալ դեպքի հետ, սակայն վերհիշելով որոշ ժամանակ առաջ պատգամավորի կողմից նրա հասցեին հնչեցրած արտահայտությունները, կարելի է ենթադրել, թե որտեղից է գալիս լարվածությունը։
Մասնավորապես, մարտի 22-ին՝ ԱԺ-ում՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասել էր. «Իմ մտահոգությունը ձեր նախարարության առումով մի փոքր այլ է։ Գերատեսչության մամլո խոսնակի՝ ի դեմս Աննայի, մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ըստ էության ամբողջությամբ ծառայել է Հանրապետական կուսակցությանը՝ լինելով նաև կուսակցության անդամ։ Ներողություն հարցադրման համար, բայց սա իսկապես կարծում եմ՝ հիմնարար խնդիր է։ Արդյո՞ք նա ազնվորեն կարող է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»,- ասել էր նա։