Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց։ Հունիսի 24-ին Քոչարյանը հարցազրույց տվեց 5-րդ ալիք հեռուստաընկերությանը։ Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալնավորել Ռոբերտ Քոչարյանին։ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են, որ դատարանը մինչ որոշում կայացնելը չի լսել իրենց դիրքորոշումը։ Դատարանի որոշման, Քոչարյանի հարցազրույցում հնչած մեղադրանքների և դատական համակարգի վրա իշխանության ազդեցության մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։
-Արցախի երկու նախագահները Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորություն էին ներկայացրել, որ ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը պատշաճ վարքագիծ կդրսեևորի և որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննությանը։ Որոշ ժամանակ անց նա կրկին կալանավորվեց։ Արդյո՞ք այդ ընթացքում նա որևէ ձևով խոչընդոտել էր քննության ընթացքին կամ պատշաճ վարքագիծ չէր դրսևորել։
-Պետք է ծանոթանալ դատարանի որոշման ընդհանուր մասին, դատավորը հրապարակեց եզրափակիչ մասը, որ բավարարել է դատախազության և տուժողի իրավահաջորդների միջնորդությունը։ Իսկ այն, որ նախագահներն են երաշխավորում, թե ԱԺ պատգամավորը, թե վարչապետը՝ ես կարծում եմ, որ դատական իշխանության անկախությունը հենց դրանում է, որ նախևառաջ, գործը քննելով, ինքն է կայացնում որոշումը, անկախ նրանից՝ դիմող կողմն ով է։ Փաստացի, երևաց դատական իշխանության անկախությունը, որ ինքը կայացրեց այն որոշումը, որը գտավ ճիշտ և օրենքին համապատասխան։
- Ամեն անգամ այնպես է ստացվում, որ հարցազրույցից հետո Քոչարյանին կալանավորում են։ Արդյո՞ք հարցազրույց տալը ոչ պատշաճ վարքագծի դրսևորում է։
-Կոնկրետ այս դեպքում կարող եմ ասել, որ որևէ կապ չունի, որովհետև արդեն իսկ հայտնի էր, որ ամսի 25-ին է լինելու որոշման հրապարակումը և 24-ին տվեց հարցազրույց: Իր որոշելիքն էր՝ երբ է ուզում հարցազրույց տալ։ Տեսնում ենք, որ հատկապես ընտրել է իր հետ փոխկապակցված լրատվամիջոցը։ Իր իրավունքն է։ Բայց որևէ միտումնավոր բան չեմ տեսնում։ Կապ չեմ տեսնում հարցազրույցի հետ. ինքը հիմա էլ կարող է պաշտպանների միջոցով որևէ ձևով հարցազրույց տալ։
-Պաշտպանները նշում են, որ դատարանը չի լսել իրենց տեսակետը, ինչպե՞ս է ստացվում, որ դատարանը որոշում է կայացնում առանց նրանց լսելու, սա խախտո՞ւմ չէ։
-Եթե օրենքի խախտում է, կարծում եմ փաստաբանները կարող են բողոքարկել: Իմ գնահատելիքը չէ՝ օրենքի խախտում եղել է, թե ոչ։ Փաստաբանների իրավունքն է՝ բողոքարկել։ Ամեն դեպքում՝ կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ գործ ունենք նախագահի դատավարության հետ և բոլոր գործընթացները պետք է գնան օրենքի տառին համապատասխան, որովհետև այս գործը բոլոր միջազգային կառույցների, քաղաքական տարբեր ուժերի, տարբեր երկրների ուշադրության կենտրոնում է։ Արդեն իսկ հայտարարվել է փաստաբանների կողմից, որ իրենք ՄԻԵԴ են դիմելու, այնպես որ, կարծում եմ՝ դատարանները, դատավորները շատ աչալուրջ պետք է լինեն, որպեսզի հետագայում էլ, տասը տարի հետո էլ՝ արդար դատաքննության իրավունքի խախտում ՄԻԵԴ-ի կողմից ճանաչված՝ չունենանք։
-Որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չկա մի դատավոր, որ իր ասածը չանի։ Սա կարո՞ղ է կապ ունենալ որոշման հետ։
-Որքանով ես հիշում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց՝ ասաց՝ ի՞նչ եք կարծում, կա՞ մի դատավոր, որ եթե ես ուզենամ մի բան ասել, ինքը չլսի: Այսինքն՝ պնդում չէր կատարում, ավելին՝ հետագայում որոշ դատավորների կողմից հայտարարություն եղավ, որտեղ նշեցին՝ «այո՛, ես եմ այդ դատավորը, որ կարող եմ չլսել», ինչի համար ես շատ ուրախ եմ, վստահ եմ՝ վարչապետը նույնպես։ Եթե լիներ ցուցում, այս ամենն այնքան չէր ձգձգվի: Կարծում եմ՝ տրված է դատաիրավական բարեփոխումների մեկնարկը, և առաջիկայում մենք կտեսնենք նախագծերի փաթեթը, որը միտված է լինելու բարեփոխումներին, որոնցով հնարավոր կլինի դատական համակարգը մաքրել ոչ պրոսֆեսիոնալ, կոռումպացված, այլ կապեր ունեցող դատավորներից։
-Հարցազրույցի ընթացքում Քոչարյանը մեղադրանքներ հնչեցրեց իշխանության հասցեին, ասաց, որ Մարտի մեկի պատասխանատվությունը կրում է Փաշինյանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը։
-Ինձ համար Քոչարյանի այդ հայտարարույթունն ամենևին տարօրինակ չէ։ Տարօրինակ կլիներ, որ ընդուներ, ասեր՝ այո՛, ես եմ մեղավորը։ Բայց 2008-ի Մարտի մեկը 19-րդ դարի իրադարձություն չէ, ցավոք սրտի՝ դա տեղի է ունեցել տասը տարի առաջ։ Մարդիկ իչենց սեփական մաշկի վրա են զգացել ու գիտեն, թե ով է մեղավոր։ Ինձ համար հասկանալի է Քոչարյանի հայտարարությունը, հանրության կողմից զրո համակրանք ունեցող քաղաքական գործիչն այլ բան չէր էլ կարող հայտարարել։ Ինքը եղել է երկրորդ նախագահ, մարդիկ շատ լավ հիշում են, թե այդ տարիներին ինչ է եղել Հայաստանում, ինչպիսի սպանություններ են եղել: Այսինքն՝ քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ով է Քոչարյանը։ Կարծում եմ՝ Քոչարյանն էլ է գիտակցում, որ նույնիսկ եթե մեր իշխանության կամ Փաշինյանի վարկանիշը հասնի 0,1%-ի, իր 0,0001 վարկանիշը չի դառնա 0,0002%։
-Նշում եք, որ Ռոբերտ Քոչարյանը զրոյական վարկանիշ ունի հասարակության մեջ։ Այդ դեպքում, ինչո՞ւ է ավելանում նրա աջակիցների թիվը։
-Ես չէի ասի, որ այդ աջակիցների թիվն ավելանում է։ Անկեղծ պետք է լինենք. իրենք տիրրապետում են հսկայական գումարների, ունեն իրենց որոշակի բիզնեսները, և այդտեղ աշխատում են որոշակի մարդիկ։ Եթե մենք գումարում ենք այդ ամենը, ստացվում է, որ անգամ իրենց մոտ աշխատող մարդկանց 5-10%-ն է սատարում իրեն։ Ամեն դեպքում, երկրորդ նախագահն է եղել և ամոթ էլ կլիներ, եթե 200 աջակից չունենար: Դա խայտառակություն կլիներ, եթե չկարողանար այդ 100-200 հոգուն հավաքել։ Իմ կարծիքով՝ ինքն այս պահին իսկապես ամոթալի վիճակում է։ Որոշակի լուրեր են պտտվում, որ այդ մարդիկ գալիս են պիցանների կամ որոշակի գումարի դիմաց։ Այնպես չէ, որ հարցազրույցի ընթացքում ինքն ամբողջությամբ ապատեղեկատվություն է տարածել, ինքն էլ կարող է որոշակի դատողություններ անել։
Աջակիցների առումով հավելեմ նաև, որ ամենատարբեր ակցիաների ընթացքում նորից տեսնում ենք այդ մարդկանց։ Նույն մարդիկ են՝ նույն հագուստներով, նույն կարգախոսներով։ Այսինքն, մի խումբ կա, որը ինչ-ինչ պատճառներից, շահերից ելնելով կամ գուցե իսկապես աջակցում են, հավատում են Ռոբերտ Քոչարյանին, և նա հերոս է իրենց համար։ Ես ուղղակի կասեմ, որ մի տեսակ խղճահարություն եմ զգում, երբ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Թեև, երևի արդեն դա էլ չեմ զգում։ Ես կուզենայի, որ ինքն իր հարցազրույցների ժամանակ պատասխաներ՝ որտեղի՞ց իր որդուն 18 միլիոն դոլար գումար։ Եվ, ինչպես քաղաքացիներն են սիրում ասել՝ «հողաթափերով եկան Հայաստան և միլիարդավոր կարողությունների տեր դարձան»: Այս հարցներ են հետաքրքրում մարդկանց։
Հարցազրույցը՝ Ասպրամ Փարսադանյանի