Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը պահանջող այգու նախկին աշխատակիցներն ու «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանն այս անգամ բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ 

Նրանք պնդում են, որ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի նշանակվելուց հետո կենդանիների տեսակներն ու գլխաքանակը զգալիորեն նվազել են, կենդանիներ են ոչնչացվել, քանի որ չկան համապատասխան մասնագետներ, ուստի պահանջում են նրան ազատել պաշտոնից։

«Մենք բարձրաձայնում ենք կենդանիների նեղ մասնագիտական խնդիրներ, քանի որ կենդանաբանական այգում մինչև հիմա որևէ ստուգում տեղի չի ունեցել։ Պարոն քաղաքապետը իր խոսքում նշեց, որ  ոչ մի մութ անկյուն չի մնալու, բայց հիմա այդ անկյունը մութ է և մենք եկել ենք այդ մասին ասելու։ Բազում սխալներ են արված, որի հետևանքով կենդանիներ են սատկել, դրա համար էլ այսօր ունենք աղքատացած կենդանատեսակներով լցված այգի։ Հակված ենք մտածելու, որ կողմնապահություն կա, որովհետև 8 ամսից ավելի է բարձրաձայնում ենք այս խնդիրը, սխալներ ենք ցույց տալիս, սակայն անարդյունք է՝ նկատողություն անգամ չեն տալիս։  Թվով 320 կենդանիների տեսակից այսօր 120 տեսակ ունենք։ 900 գլուխ կենդանի է սատկել կենդանաբանական այգում, բաժանեք 8 տարվա մեջ, տեսեք ինչ է ստացվում»,- այս մասին ասաց ակվատարիումի նախկին ղեկավար Կարեն Մարտիրոսյանը։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը նշեց, որ ամիսներ շարունակ փորձել են հանդիպել Հայկ Մարությանի հետ, սակայն չի հաջողվել․ «Հանդիպել ենք փոխքաղաքապետի հետ, որի պատասխանից ոչ մի բան չենք հասկացել, մեր հարցերին երբեք ստույգ պատասխան չի տրվել։ Այսպես անցել է 8 ամիս և ամեն օր կենդանի է սատկում։ Իմ կարծիքով՝ հովանավորություն կա դեպի Ռուբեն Խաչատրյանը, պարզապես ժամանակ են ձգում ակնկալելով, որ պետք է հոգնենք»,- նշեց նա։

«Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանն էլ նշեց, որ քաղաքապետարանում չկան կենդանիների գծով համապատասխան մասնագետներ, որոնք կարող են կենդանաբանական այգում ստուգումներ իրականացնել, ինչպես նաև զբաղվել թափառող շների խնդրով։ 

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը՝ խոստանալով հանդիպում կազմակերպել կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցների հետ։ Սակայն, ակցիայի մասնակիցները թերահավատորեն մոտեցան՝ նշելով, որ իրենք բազմիցս ցանկություն են հայտնել, բայց Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարվել է հանդիպելուց։

Սոնա Հարությունյան