«Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդները դիմել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին՝ ջրամատակարարման դադարեցման պատճառով:
Վերջինս այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց,- «Վեոլիա ջուր» ընկերությունը իրոք պետք է վերանայի իր գործելաոճը, աշխատի ավելի բարեխիղճ և չխախտի բաժանորդի հետ կնքած պայմանագիրը»։ Պատգամավորը մի շարք համայնքների բնակիչների կողմից բողոքներ է ստացել, որ երկար ժամանակով ջրամատակարարում չի եղել։
«Իմ անձնական էջում կարող եք տեսնել բոլոր հասցեները, որտեղ ջուր չի եղել 5 և ավելի օրեր։ Ինձ դիմեցին, այդ թվում նաև Գորիսից։ Պետք է ասեմ, որ Սիսիանում ջրի որևէ խնդիր չկա, ու ամառվա շոգին 5 օրով դադարեցնել ջրամատակարարումը, չգիտեմ՝ ինչ է։ Դիմել եմ ՏՆ-ին ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Պայմանագրի խախտում է տեղի ունեցել «Վեոլիա ջուր» ընկերության կողմից»,- ասաց Գրիգորյանը։ Պատգամավորը շեշտեց, որ եթե բնակիչները նորմալ և ժամանակին կատարում են անհրաժեշտ վճարումները, ապա ընկերությունը պետք է կատարի իր պարտավորությունները։
Գրիգորյանն իր գրառումներից մեկում նշել էր, որ անհրաժեշտության դեպքում դիմելու է ավելի կոշտ միջոցների։ Հարցին, թե որոնք են դրանք, և արդյոք հիմա կա անհրաժեշտությունը, պատգամավորն ասաց. «Անդրադարձից հետո իսկույն վերականգնվեց ջրամատակարարումը։ Բայց ես այս հարցը քննարկելու եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, իսկ խնդրի կրկնվելու դեպքում՝ կլինեն վերոնշյալ կոշտ միջոցները։ Չի կարելի մարդկանց օրերով ջրազրկել՝ ինչ-որ ոռոգվող տարածքներ ապօրինի ջրագծերից ազատելու պատրվակով։ Բնակիչները ոչ մի մեղավորություն չունեն»:
Մեր դիտարկմանը, թե հնարավոր է, որ այս բարձիթողի վիճակի պատճառը ընկերության մենաշնորհային կարգավիճակ ունենալն է, քանի որ միայն «Վեոլիա ջուր» ընկերությունն է զբաղվում ջրամատակարարմամբ, Գրիգորյանն ասաց, որ ջուրը բնական մենաշնորհ է, սակայն պետք է վերանայվեն կարգավորումները, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։ Պետք է տուգանվի ցանկացած անհատ կամ ընկերություն, որն անբարեխիղճ է կատարում իր աշխատանքը:
«Եթե բնակիչն է խախտում, պատժում են ակտով, իսկ իրե՞նք»,- հավելեց պատգամավորը։ Պատգամավորը գրության պատասխան դեռ չի ստացել։ Ընկերության կողմից արձագանքը եղել է ջրամատակարարման վերանորոգումը։ Պատգամավորի խոսքով՝ այդպես ավելի լավ է, քան գրություն՝ առանց ջրի։