Սահմանադրությունն, իհարկե, լավ չէ, որ անընդհատ փոխվի, բայց ՀՀ կայունության համար մեզ անհրաժեշտ է մաքուր նախագահական կառավարման ձև։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի դոցենտ Սամվել Մուրադյանը։

«Պառլամենտականի դեպքում իշխանությունների բաժանում չկա, իշխանությունը գտնվում է և՛ գործադիրի, և՛ օրենսդիրի ձեռքում։ Իսկ նախագահականի դեպքում ԱՄՆ-ի օրինակով՝ մի թևը կարող է պատկանել դեմոկրատականերին, մյուս թևը՝ հանրապետականին»,- ասաց նա։

Նա նշեց՝ նոր իշխանությունը եկել, տեսել է՝ սահմանադրությունն իրեն հարմար է, ինչո՞ւ պետք է փոխի։

Անդրադառնալով ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրական դատարանում ճգնաժամ է և անհրաժեշտ է գործող կազմի փոփոխություն, Մուրադյանը նշեց, որ նրանց ոչ ոք չի կարող հանել, քանի որ օրինական որևիցե մեխանիզմ չկա, և նրանք մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը պետք է գործեն որպես ՍԴ անդամներ։

Ըստ սահմանադրական իրավունքի մասնագետի՝ ՍԴ դատավորի և անդամի եզրույթների վերաբերյալ առաջացած շփոթմունքը վերացնելու համար շատ պարզ միջամտություն էր անհրաժեշտ․ «Դա վրիպակ է, ընդամենը պետք է գրեին՝ այսուհետ ՍԴ անդամներին համարել դատավոր, որոնք գործելու են մինչև իրենց լիազորությունների ավարտի ժամկետը, բայց չեն գրել, շտապել են։ Այդ բառը գրելիս հարցը լուծվում էր։ Ես գտնում եմ, որ դրանք իրարից տարբեր են, ինչպես սեռերի տարբերությունը՝ կինն ու տղամարդը»,- նշեց Մուրադյանը։

Սոնա Հարությունյան