Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի Ռուսաստանի նախագահից, Telegram–ում գրել է «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրեն, հայ–վրացական ծագումով ռուսաստանցի հաղորդավար Թինա Կանդելակին։
Նրա խոսքով' «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որի հետևում կանգնած է Միխեիլ Սաակաշվիլին «այնքան է ցածրացել, որ անհնար է ավելի ներքև իջնել։ Իր հաղորդումներից մեկի սկզբում հաղորդավարը երկար, կեղտոտ և փողոցային բառապաշարով վիրավորել է իմ երկրի նախագահին, ինչպես դա անում են առավել նողկալի ծայրահեղականները, որոնք կանգնած են Վրաստանում ամենադաժան հանցագործությունների հետևում։ Կարծում եմ' ոչ միայն «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որը հուլիսի 18–ին պետք է վերադարձվեր իր օրինական տիրոջը, պետք է ներողություն խնդրի։ Մեր նախագահի հանդեպ նման պահվածքի համար, անշուշտ, պետք է ներողություն խնդրի Վրաստանի ղեկավարությունը: Hազիվ թե Պուտինին պետք են այդ ներողությունները, բայց դա երկրի «դեմքը փրկելու» միակ միջոցն է։
Ես 10 տարի ասում եմ' Միխեիլ Սաակաշվիլին հանցագործ է և սրիկա։ Նրա տեղը քաղաքակիրթ հասարակության մեջ չէ, այլ բանտում։ Նրա նման մարդիկ ամենաարյունալի կոտորածների պատճառ են դառնում, նրանք իրենցից հետո ավերակներ են թողնում։ Մաղթում եմ, որ նա այրվի դժոխքի կրակներում և դա վստահաբար ասում եմ վրաց ժողովրդի անունից», – ընդգծել է Կանդելակին։
Տեղի ունեցածի մասին արտահայտվել է նաև «Ռոսիա սեգոդնյա», RT և Sputnik ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Նրա խոսքով` եթե «հաղորդավարը սահմանափակվեր հայհոյանքներով, նման արձագանք չէր լինի, առաջին հերթին, հենց Վրաստանում»։
«Խնդիրը ծնողների գերեզմանի, մոր մասին ասվածն է։ Կովկասցու համար դա անհանդուրժելի վիրավորանք է, իսկական հանցագործություն, որը ամոթալի է ոչ թե վիրավորվողի, այլ այն մարդու համար, ով նվաստացել է' ասելով նման բան։ Տղամարդը նման խոսքերից հետո դադարում է տղամարդ լինել։ Եվ ընդհանրապես մարդ», – նշել է Սիմոնյանը։ Մեր ադլերյան գյուղում, օրինակ, նման նողկալի արարքի համար նրան ոչ մեկ իր տուն չէր թողնի, նրանց տուն հարս չէին տա, իսկ այդ ընտանիքի տղամարդկանց հետ ոչ մեկ գործ չէր բռնի։
Անշուշտ, վրացիներն առաջադեմ ժողովուրդ են, բայց հազիվ թե նրանք այդքան հեռացել են իրենց կովկասյան արմատներից», – նշել է Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ Վրաստանի ամենահայտնի հաղորդավարներից մեկը' Գեորգի Գաբունիան, ծրագիրը սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայհոյանքներով։ Մեկուկես րոպեի ընթացքում Գաբունիան, մեղմ ասած, անպարկեշտ բառերով է խոսել ՌԴ նախագահի մասին։ Հաղորդավարը չի խորշել նողկալի բառեր ասել Պուտինի ծնողների հասցեին' ընդգծելով, որ նրանք արդեն ողջ չեն։