Oրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝ 18–ամյա Մանվել Գրիգորյանը զորակոչվել է բանակ։ Վիճակահանության արդյունքում նա ծառայության է անցել Արցախում, գրում է NEWS.am-ը: Նշենք, որ Մանվել Գրիգորյանն իր անունով 2 թոռ ունի։

 

Բանակ զորակոչված Մանվել Գրիգորյանը՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդին է։

Հիշեցնենք, որ ներկայումս քրեական հետապնդում է իրականացվում Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

 

Առանձնապես խոշոր չափերի յուրացումների և այլ դրվագներով հարուցված քրեական գործով Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ և ներկայումս բուժում ստանում քաղաքացիական հիվանդանոցում։Նույն գործի շրջանակներում նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ Մանվել Գրիգորյանի որդիներից Արմանը՝ ներկայումս հետախուզման մեջ է, իսկ Կարեն Գրիգորյանը, որպես մեղադրյալ է ներգրավված Էջմիածնի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների գործով։

Այս գործով նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Աղբյուրը' NEWS.am