Ժամեր առաջ Հայաստանի ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց, որ այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա։ Դեպքի վայր մեկնած փրկարարները փորձում են դուրս բերել քաղաքացուն:

ԱԻՆ-ի հաղորդագրությանը հետևեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հայտարարությունը: Ուշագրավն այն է, որ ԱԻՆ-ը նշել էր՝ վերելակն ընկել է, այնինչ քաղաքապետարանի մամուլի խոսնակը պնդում է, թե վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ իջել է 1-ին հարկ։

Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․ «Պատճառը ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումն է։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»,- նշել է նա:

Հետաքրքիր է՝ ի վերջո վերելակն ընկե՞լ է, թե՞ սովորականից ավելի արագ է իջել․ կողմնորոշվե՛ք։

Հատկանշական է հատկապես այն, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Հայկ Մարությանն իր նախընտրական հոլովակում ազդեցիկ տոնով հայտարարում էր քայլ 4-րդի մասին, ըստ որի՝ խոստանում էր բարեկարգել վերելակները։ Սակայն աթոռին նստելուն ու հարմարվելուն պես՝ հների նման նա էլ մոռացավ, թե ինչի համար էին հավաքվել։

Դեռևս մայիսին հրավիրած ասուլիսի ժամանակ էլ Մարությանը հայտարարեց՝ Երևանի քաղաքապետարանը մշակում է լայնամասշտաբ ծրագրեր շենքերում վերելակները փոխելու համար, սակայն քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն լուծել խնդիրը և ունեն մայրաքաղաքի բնակիչների օգնության կարիքը։ Նա նշել էր, որ իրենք կատարում են գույքագրում, կփոխեն վերելակները, բայց քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին տարիների ընթացքում այդ գումարը իրենք էլ պետք է վճարեն, քանի որ վերելակն իրենցն է լինելու։

Մարությանն այս հայտարարությունից հետո ևս չարեց ոչ մի գործնական քայլ՝ այդպիսով վտանգելով իրեն ձայն տված քաղաքացիների կյանքը:

Պարո՛ն Մարության, քա՛յլ արա, կատարի՛ր խոստումդ: