Վերջին օրերին մամուլում տարածվել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնեելու մասին լուրեր: Բուռն քննարկումների առարկա դարձած կոնվենցիայի, դրա նպատակի և դեմ կարծիքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:

 

- Ստամբուլի կոնվենցիան տարատեսակ քննարկումների առիթ է դարձել։ Հիմնական քննադատությունները ծավալվում են այն հարցի շուրջ, թե այդ կոնվենցիայում բացի կանանց հանդեպ և ընտանիքում բռնության դեմ պայքարի մեխանիզմներից խոսվում է նաև «երրորդ սեռի», կամ տրանսգենդերների մասին։ Խնդրում եմ պարզաբանել՝ ինչ է ասում այս կոնվենցիան, ինչ խնդիրների է անդրադառնում։

- Նախ առաջարկում եմ, որպեսզի մեր քաղաքացիները ընթերցեն Կոնվենցիան, որի ամբողջական անունն է՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»։ Կոնվենցիան ընթերցողները կհամզովեն, որ «դեմ» փաստարկները մոլորեցնող կամ շահարկող են։ Դրանք արվում են այն հույսով, որ մարդիկ չեն կարդա Կոնվենցիան և նույնիսկ դրա վերնագիրը։

Կոնվենցիայի միակ նպատակը արտացոլված է վերնագրում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և վերացում։ Ընդ որում, Կոնվենցիան վերաբերում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց նկատմամբ բռնության կանխարգելմանը և վերացմանը։ Վերնագրում առանձին հղում է կատարվում կանանց այն պատճառով, որ բռնությունը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափ և ավելի դաժանորեն։ Հայաստանը Կոնվենցիան ստորագրել է 2018 թվականի հունվարին։ Այն Ազգային ժողովում վավերացնելով՝ Հայաստանը ընդամենը վերահաստատելու է իր հանձնառությունը՝ բարելավել իր ազգային օրենսդրությունը։ Կոնվենցիան չունի «երրորդ սեռ» կամ «տրանսգենդեր» բառերը կամ որևիցե բառ, որը կարելի է այդպես մեկնաբանել։ Ենթադրում եմ, որ շահարկումները առաջանում են «գենդեր» բառի առկայությունից։ Կոնվենցիայի երրորդ հոդվածը ասում է հետևյալը․ «Գենդեր» նշանակում է կոնկրետ հասարակության ներսում ձևավորված դերեր, վարքագիծ, գործունեություն և առանձնահատկություններ, որոնք տվյալ հասարակությունը պատշաճ է համարում կանանց և տղամարդկանց համար։» Մի՞թե այդպես չէ, և հայաստանյան իրականության մեջ մենք չունե՞նք կանանց և տղամարդկանց վերագրվող հասարակական դերակատարման մասին գերիշխող պատկերացումներ։

 

- Պնդումներ կան, որ կոնվենցիան հակասում է մեր Սահմանադրությանը։ Ինչո՞վ է հակասում։ Նշենք, որ Բուլղարիան հակասահմանադրական է ճանաչել այն՝ հղում անելով ավանդական արժեքներն արմատախիլ անելու վերաբերյալ հատվածին։ Նման հատված կա՞ կոնվենցիայում, ինչ ասել է արմատախիլ անել ավանադական արժեքները։

-Եթե ինչ-որ մեկը շատ բարձր գոչում է ավանդական կամ ազգային արժեքների մասին, ամենայն հավանականությամբ նրա հետևում կոռուպցիա կա։ Նրա տրամբանությունը հետևյալն է․ եթե հանրության մեջ բոլորը բոլորին ճնշեն կամ ծեծեն, ապա այդ հանրությանը տնտեսապես ճնշելը կամ կեղեքելը ավելի հեշտ կլինի։ Եթե հանրության մեջ արմատանա «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» հոգեբանությունը, ավելի հեշտ կլինի իշխել այդ հանրության նկատմամբ։ Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ վերլուծել, թե Կոնվենցիայի դեմ խոսացող դերակատարները ինչ քաղաքական ուժերի են հարում, և այդ քաղաքական ուժերը ինչպես են քայքայել հայաստանյան ընտանիքները՝ նախորդ տասնամյակներում արտագաղթի միջոցով իրարից բաժանելով բազում ընտանիքներ։

 

-Ստամբուլյան կոնվենցիան կապում են նաև վերջին օրերին տարածված «Բռնության ձայնը» պատմությունների հետ։ Ձեր կարծիքով դրանք որքանո՞վ են կապված։

-Զուգադիպությունը պայմանավորված է այն փաստով, որ սեռի հիմքով բռնությունը մխացող, այսինքն՝ առայժմ մշտապես ներկա բռնության տեսակ է։ Մենք պետք է միանշանակ մերժենք բռնությունը մեր ընտանիքներում և միջանձնային հարաբերություններում և ունենանք հանրություն, որը կտրուկ «ո՛չ» է ասում բռնության բոլոր տեսակներին՝ ընտանեկանից մինչև հանրության տնտեսական ճնշում։

Ասպրամ Փարսադանյան