«Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրված տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ պետական կառավարման համակարգը համալրվում է կուսակցության անդամներով: Պապիկյանը հանձնարարել է պետական համակարգը մաքրել ոչ միայն նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանցից, այլև անգամ նրանց ազգականներից:
Մեր տեղեկություններով՝ «կուսակցաշինության» այդ գործին լծվել են կառավարության մյուս անդամները ևս: Մասնավորապես առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես փորձում է ազատվել նախկին կադրերից: Հեղափոխությունից հետո բժշկական կենտրոնների մի քանի ղեկավարներ ազատվեցին աշխատանքից, սակայն շատերը դեռևս շարունակում են պաշտոնավարել, որովհետև ոչ «նախկինների» հետ են կապակցված, ոչ էլ խախտումներ ունեն իրենց ղեկավարած բժշկական կենտրոններում: Բայց այդ պաշտոններն, ամենայն հավանականությամբ, արդեն խոստացված են նոր՝ «հեղափոխական» կադրերին և գործող տնօրեններին ուղղակի առաջարկում են «սեփական դիմումի» հիման վրա շուտափույթ թողնել զբաղեցրած պաշտոնները: