Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները իմպերատիվ բնույթ չունեն. դրանք խորհրդատվական եզրակացություններ են: ԵԽ անդամ պետություններից տարբեր դիմումներ են եղել այս մարմնին, և բնական է, որ Հայաստանը, ում նույնպես ընձեռված է այդ հնարավորությունը, օգտվի դրանից: Այս անգամ էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ ստեղծված իրավիճակը ստիպեց գործադիրին դիմելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ինչը վկայում է այն մասին, որ իշխանությունները կարևորում են այս մարմնի մասնագիտական եզրակացությունները:
Սակայն ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը սկսել է գիտակցել, թե ինչ քաղաքական գին կարող է վճարել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց, այն էլ դեկտեմբեր ամսին ընդառաջ, երբ վարչապետին անվստահություն հայտնելը իրավական տեսանկյունից հնարավոր է դառնում: Արդյո՞ք Փաշինյանը ուզում է գնալ նման ռեզոնանսային քայլի և ընդդիմության բերանը լեզու դնել, թերևս ոչ: Բացի այդ, այս հարցի շուրջ չկա կոնսենսուս անգամ Իմ Քայլը խմբակցության ներսում. մի շարք պատգամավորներ արդեն իսկ հայտնել են, որ դեմ են քվեարկելու վերոնշյալ կոնվենցիային, իսկ սա սպառնում է հանգեցնել ներթիմային բախումների, որոնք նույնպես Փաշինյանին հարկավոր չեն: Այդ իսկ պատճառով Փաշինյանը սկսել է ժամանակ շահել, առաջին քայլն էլ Վենետիկի հանձնաժողովին դիմելն է: Մյուս կողմից, գործին լծվել են կառույցներ, որոնք անգամ առավել կարևոր հանրային քննարկումների ժամանակ չէին շտապում կարծիք հայտնել, չենք խոսում կառավարությանը կոչ անելու մասին: Խոսքը Հանրային խորհրդի և Հայ Առաքելական եկեղեցու մասին է:
Այս կառույցները կոչ են արել կառավարությանը զերծ մնալ կոնվենցիայի վավերացումից: Այսինքն՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ «պատվիրատուներին», որ իր վրա կա նաև ներքին ճնշում, հետևաբար պետք է սպասել: Սակայն կսպասեն, թե ոչ, այն կենտրոնները, որոնք Փաշինյանին ցույց տված օգնության դիմաց այսօր իրենց փայն են ակնկալում. այ սա է հարցը…