ԱՄՆ-ի իշխանությունները կշարունակեն մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, քանի դեռ Վաշինգտոնը և Պեկինը առևտրական համաձայնագիր չեն կնքի: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է օգոստոսի 1-ին Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: Հեռարձակումը վարել է «Սի-սփեն» հեռուստաալիքը:
«Այնքան ժամանակ, քանի դեռ գործարք չի լինի, մենք նրանց կհարկենք մաքսերով»,- ասել է Թրամփը: Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Չինաստանից ապրանքների՝ օգոստոսի 1-ին հայտարարված մաքսերի չափը կարող է 10 տոկոսից բարձրացվել մինչև 25 տոկոս կամ ավելի: Այս շաբաթ ավելի վաղ Շանհայում տեղի է ունեցել ամերիկա-չինական առևտրական բանակցությունների 12-րդ փուլը: Հուլիսի 31-ին Սպիտակ տունը տարածել է հայտարարություն, որում անցած հանդիպումները որակել է կառուցողական, սակայն օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի նախագահը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով նոր մաքսեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա՝ 300 միլիարդ դոլար արժողությամբ:
Երկկողմ առևտրական բանակցությունների հաջորդ փուլն, ինչպես սպասվում է. կկայանա սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: