Թուրքիան ԱՄՆ-ի հետ Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու հարցում համաձայնության հասնելուց հետո զինամթերքով լի ռազմամեքենաներ է ուղարկվել Սիրիային սահմանակից շրջաններ:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկությունների՝ զրահամեքենաները, որոնք ուղարկվել են Թուրքիայի արևելյան քաղաքներում գտնվող ռազմական միավորումներից, ուղևորվել են դեպի Ուրֆայի՝ Սիրիային սահմանակից Սուրուչի շրջան և Հաթայի Քըրըքհան շրջան:
Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար երկրի հյուսիսում կստեղծվի մի տարածք՝ անվտանգ գոտի, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:
Անկարայում օգոստոսի 7-ին ավարտվել են անվտանգ գոտի ստեղծելու թեմայով թուրք-ամերիկյան բանակցությունները: Նախատեսվում է ԱՄՆ-ի հետ ստեղծել Համատեղ գործողությունների կենտրոն, որը կհամակարգի և կղեկավարի անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները: