Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության տարածքային բաժիններ:
«ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի մեկնարկը տրվեց 2017 թվականից, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքներն ավարտելու ժամկետով: Սահմանված կարգի համաձայն՝ գործընկերային հիմունքներով, ծառայության և գործատուների միջև համաձայնեցված ժամանակացույցերով աշխատանքային գրքույկները հավաքագրվեցին ըստ աշխատողների թվաքանակի նվազման՝ սկզբում առավել շատ աշխատող ունեցող գործատուներ, ապա մինչև չաշխատող ֆիզիկական անձ սկզբունքով:
Հիմք ընդունելով վերոնշյալ որոշման դրույթները՝ այն է աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացնել գործատուների հետ փոխահամաձայնեցված ժամկետներում (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու), ծառայությունը հավաքագրել և թվայնացրել է շուրջ 270000 աշխատանքային գրքույկ:
Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար, Սոցիալական ապահովության ծառայությունը՝ ի դեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, հանդես եկավ նախաձեռնությամբ՝ գրքույկների թվայնացման գործընթացը մեկ տարով՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու համար:
Այսպիսով ծառայությունը կրկին հիշեցնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 627-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 2019թ. դեկտեմբեր ամիս: Այս մասին ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր աղբյուրներով, պարբերաբար տեղեկացնում է դեռևս չթվայնացված գրքույկները ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին:
Գրքույկները թվայնացման ներկայացնելու սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով ծառայությունը գործատուներին և քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է, փոխադարձ համագործակցության շրջանակներում, չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության տարածքային բաժիններ»,-ասված է հաղորդագրության մեջ: